Կուբայի ափերի մոտ դիվերսանտների ​​նավակից զինանոց է առգրավվել. մանրամասներ

Բաժանորդագրվել

Պարզվել է բոլոր վեց ձերբակալվածների և չորս զոհերից մեկի ինքնությունը։

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի – Sputnik. Ֆլորիդայում գրանցված ու Կուբայի ափերի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով վնասազերծված մոտորանավակից զինանոց է առգրավվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Կուբայի ներքին գործերի նախարարությանը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ դրոշի ներքո նավարկող նավը մտել է Կուբայի ջրերը և կրակ է բացել։ Կուբացի սահմանապահները պատասխան կրակով ոչնչացրել են նավի վրա գտնվող չորս հոգու։

«Առգրավվել են գրոհային հրացաններ, կարճափող զենք, ինքնաշեն պայթուցիկ սարքեր («Մոլոտովի կոկտեյլներ»), զրահաբաճկոններ, հեռադիտակի նշանոցներ և քողարկման համազգեստներ», – ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունից նշել են, որ Կուբայի սահմանապահ ստորաբաժանման վրա զինված հարձակումից հետո ձերբակալվածները ԱՄՆ–ում բնակվող կուբացիներ են։

Պարզվել է բոլոր վեց ձերբակալվածների և չորս զոհերից մեկի ինքնությունը։

«Նրանց մեծ մասը քրեական անցյալ ունի, այդ թվում՝ Ամիխայիլ Սանչես Գոնսալեսը և Լեորդան Էնրիկե Կրուս Գոմեսը, որոնք գտնվում են Կուբայի իշխանությունների կողմից որոնման մեջ ու ներառված են քրեական հետաքննության ենթակա անձանց և կազմակերպությունների ազգային ցուցակում` կապված ազգային տարածքում կամ այլ երկրներում ահաբեկչական գործողություններ կատարելու նպատակով ներգրավված լինելու հետ», – ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։

Նախարարությունը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ից նավով ժամանած և կուբացի սահմանապահների հետ բախված զինված խմբի հանցակիցը ձերբակալվել է Կուբայի տարածքում։

«Ազգային տարածքում ձերբակալվել է քաղաքացի Դունիել Էրնանդես Սանտոսը, որն ուղարկվել էրԱՄՆ-ից զինված ներթափանցման ընդունումն ապահովելու համար, որը խոստովանել է իր գործողությունները», – ասվում է հայտարարության մեջ։

Մեկնաբանելով միջադեպը՝ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ երկրի իշխանությունները Կուբայից տեղեկություններ են ստացել նավակի միջադեպի մասին և ստուգում են այն։

«Շատ տեղեկություններ են ստացվում կուբացիներից։ Մենք անկախ կերպով կստուգենք այս տեղեկատվությունը և մեր եզրակացությունները կանենք», – լրագրողներին ասել է Ռուբիոն։

ԱՄՆ պետքարտուղարը չի նշել ԱՄՆ-ի հավանական գործողությունները Կուբայի ափերի մոտ նավակի միջադեպի առնչությամբ՝ այն «չափազանց անսովոր» որակելով։

Leave a comment