Որոշ մանրամասներ՝ Գյումրու կանգառում 4-5 հոգով՝ դանակներով, մի երիտասարդի վրա հարձակվելու դեպքից

Տեղեկացրել էինք, որ մի քանի օր առաջ կեսօրին Գյումրու կենտրոնական Վազգեն Սարգսյան փողոցի կանգառում, տրանսպորտի սպասող մարդկանց աչքի առաջ դանակահարություն էր տեղի ունեցել․ կանգնել էր մի մեքենա, որից 4-5 հոգի, դանակներով զինված իջնելով՝ հարձակվել էին կանգառում կանգնած մի երիտասարդի վրա՝ նրան տարբեր մարմնական վնասվածքներ պատճառելով։

1996 թվականին ծնված Հ․Մ․-ին մարմնի տարբեր՝ գլխի, դաստակի, սրունքի ու հետույքի հատվածներում կտրող-ծակող վերքերով ու քերծվածքներով տեղափոխել էին Գյումրի բժշկական կենտրոն, որտեղ և վիրահատել էին նրան։

Տուժողը սպորտսմեն է, բռնցքամարտիկ, Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը մեզ տեղեկացրեց, որ արդեն դուրս է գրվել հիվանդանոցից։

Թե որն է եղել օրը ցերեկով, Գյումրու բանուկ հատվածում քաղաքացիների աչքի առջև մարդ դանակահարելու պատճառը, ոստիկանության մեր աղբյուրների փոխանցմամբ, այս դեպքից երկու օր առաջ վիճաբանություն է ծագել ավտոմեքենան արագ վարելու ու ճանապարհը չզիջելու շուրջ, որի ժամանակ սպորտսմեն երիտասարդը 2 հոգու ցույց է տվել իր բազկի ուժը։

Նրանք էլ, չմարսելով կատարվածը, տղաների են հավաքել և որոշել քաղաքի աչքի առջև պատժել սպորտսմենին։

Շիրակի մարզի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Որպես կասկածյալ, ըստ shamshyan.com-ի, որոնվում էր 31-ամյա Խ. Մ․-ն։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment