ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հեռանկարի մասին։
Նա հիշեցրել է, որ 2022 թվականին ՀՀ-ի և Թուրքիայի միջև պայմանավորվածություն է եղել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար սահմանը բացելու մասին։
«Այլ բան հիմա թույլ տվեք չասեմ, երբ ժամանակը գա՝ կասեմ։ Միայն կասեմ այն, որ հրապարակային է՝ թուրքական կողմը ասել է, որ վերականգնում է Ալիջանի անցակետը»,– նշել է նա՝ հավելելով, որ փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում ավելի լավ է ինչ-որ բան լինի, նոր այդ մասին խոսվի։
Անդրադառնալով Թուրքիայի՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական գործընթացները միմյանց կապելու հայտարարություններին՝ Ռուբինյանն ասել է.
«ՀՀ-Թուրքիա և ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացները տարբեր են, բայց քանի որ նույն տարածաշրջանում ենք, կարող են փոխազդել միմյանց վրա։ Կարծում եմ՝ ՀՀ-Թուրքիա կարգավորման գործընթացում առաջընթացը ոչ միայն չի վնասի ՀՀ-Ադրբեջան գործընթացին, այլև կօգնի ու նոր ազդակ կտա։ Բացի այդ, չենք կարող չնկատել, որ ՀՀ-Ադրբեջան գործընթացում ահռելի առաջընթաց կա՝ օգոստոսի 8-ի հռչակագիրը խաղաղության վերաբերյալ, երկաթուղու առնվազն մասնակի ապաշրջափակումը, և ընդհանուր առմամբ գործընթացները դրական ուղղությամբ են գնում։ Որոշ արդյունքներ արդեն տեսնում ենք, որոշ արդյունքներ կտեսնենք»։