ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ռումինիայի միջև ռազմավարական գործընկերության մասին» համատեղ հռչակագիրը:
Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը նշել է. «Հայաստանը և Ռումինիան համատեղ ստորագրեցին ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիրը, որը նշանակում է՝ մենք էլ ավելի հավակնոտ ենք մեր հետագա հարաբերությունների հարցում։
Երկկողմ հարաբերությունների մասին խոսելիս՝ խոսեցինք կոնկրետ խնդիրների մասին, օրինակ՝ համագործակցություն ՏՏ ոլորտում։ Ինչպես նաև քննարկեցինք ՀՀ և ԵՄ հարաբերությունների սերտացման մասին, որին Ռումինիան հետևողականորեն աջակցում է։ Այս երկխոսության բոլոր փուլերում՝ Հայաստան-ԵՄ երկխոսություն, վիզաների ազատականացում, համագործակցության ամրապնդում, անվտանգային, ինստիտուցիոնալ դիմակայունության և այլ ոլորտներում՝ ինստիտուցիոնալ բարեփոխումներ, էներգետիկ ենթակառուցվածքներ և մյուս ոլորտներում՝ մենք աջակցում ենք։ Ինչպես գիտեք, Ռումինիան էապես ներկայացված է նաև Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության շրջանակներում։ Թույլ տվեք իմ աջակցությունը վերահաստատել ցանկացած հարցում, որ կարող եմ օգտակար լինել Հայաստանին և Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման գործընթացին։
Մենք բարձր ենք գնահատում Հայաստանի հանձնառությունը՝ մի կողմից ապահովելով անվտանգություն և կայունություն Հարավային Կովկասի տարածաշրջանում, մյուս կողմից՝ զարգացնելով և առաջ մղելով տարածաշրջանային փոխկապակցվածությունը, որը նաև բխում է Ռումինիայի շահերից, Ռումինիայի անվտանգային շահերից, որպեսզի Հարավային Կովկասը լինի կայուն, անվտանգ։ Ինչպես նաև տնտեսական առումով զարգացած լինի, որովհետև մեզ համար շատ կարևոր է հարաբերություններ ունենալ Կովկասի տարածաշրջանի հետ, ճիշտ, պատշաճ հարաբերություններ զարգացնել այդ տարածաշրջանի հետ, որպեսզի կարողանանք էապես խթանել մեր տնտեսական համագործակցությունը՝ հանուն երկու տարածաշրջանների բնակիչների, քաղաքացիների բարեկեցության»։
Փաշինյանն իր հերթին ասել է․ «Խորհրդանշական է, որ այս ձեռքբերումն արձանագրում ենք հենց այս տարի, երբ լրանում է Հայաստանի և Ռումինիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 35-ամյակը։ Մենք պայմանավորվել ենք ավելի սերտ քաղաքական երկխոսություն վարել և համատեղ ծրագրեր մշակել այն ոլորտներում, որտեղ մեր երկրները կարող են օգտվել միմյանց փորձից և հնարավորություններից։
Այսօր քննարկել ենք նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցեր: Գործընկերոջս ներկայացրել եմ նաև 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի Խաղաղության գագաթնաժողովի արդյունքում Հարավային Կովկասում տեղի ունեցած շրջադարձային զարգացումները։ Անդրադարձել եմ Հարավային Կովկասում տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման պայմաններում առևտրատնտեսական, գործարար կապերի զարգացման, ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության ընդլայնման համար բացվող լայն հնարավորություններին և այդ առումով TRIPP ծրագրի կյանքի կոչմանն ուղղված ջանքերի կարևորությանը: Կարևորելով տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտներում ավելի սերտ համագործակցության ներուժի համապարփակ իրագործումը, ինչպես նաև հաշվի առնելով եվրոպական տրանսպորտային ցանցերում Ռումինիայի ռազմավարական դիրքը և դեպի Սև ծով ունեցած ելքը՝ կարծում ենք, որ «Խաղաղության խաչմերուկ»-ի կապակցումը Ռումինիայի ծովային դարպասների հետ կարող է ստեղծել անվտանգ գլոբալ առևտրային երթուղի՝ Հարավային Կովկասից դեպի Կենտրոնական Եվրոպա»։
Վարչապետը հավելել է, որ Ռումինիան Հայաստանի կարևոր գործընկերն է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ մակարդակում, ներառյալ՝ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակում։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Ռումինիա մեկնարկել է նախագահ Նիկուշոր Դանի հետ հանդիպմամբ: Նախագահական նստավայրում ՀՀ վարչապետին դիմավորել է Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը: Հաջորդիվ տեղի է ունեցել Հայաստանի վարչապետի և Ռումինիայի նախագահի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը:
Նիկուշոր Դանը ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը Ռումինիա և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը: Ռումինիայի նախագահը կարևորել է առևտրատնտեսական կապերի զարգացումն ու ընդգծել գործարար ֆորումների կազմակերպման կարևորությունը: Միաժամանակ, Նիկուշոր Դանը հայտնել է Ռումինիայի լիակատար աջակցությունը Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացմանն ու ընդլայնմանը: