Մենք պետք է վերջապես առերեսվենք մի պարզ, բայց դաժան ճշմարտության հետ. առանց կայացած պետականության՝ ցանկացած ազգային իղձ դատապարտված է մնալու որպես անպտուղ երազանք կամ վերածվելու է ողբերգության։ Պետությունը ոչ թե ազգային հարցերի լուծման միջոցներից մեկն է, այլ այդ լուծումների միակ հնարավոր հարթակը։
Սակայն մեր պետականության երեք տասնամյակները անցել են մի տարօրինակ բանաձևով. մենք կառուցել ենք Հայաստանը ոչ թե որպես ինքնիշխան պետություն, այլ որպես ռուսական ազդեցության գոտի Հարավային Կովկասում։ Այսօր մենք կանգնած ենք մի կետում, որտեղ ռուսամետ կաղապարը սնուցող չկա, նոր բովանդակություն ներկայացնողներս իշխանություն չունենք, իսկ իշխանությունը աշխարհին խաբում է, թե իր բոլոր մրցակիցները հիբրիդային սրիկաներ են։
1990-ի մայիս-հուլիս ամիսներին Հայ ազգային երիտասարդական միության (այս կազմակերպության հիման վրա է 1991-ի ապրիլի 14-ին ձևավորվել է Պահպանողական կուսակցությունը) անցկացրած հարցման տվյալներով, որին մասնակցել էր՝ 7007 մարդ, հարցվածների 67 տոկոսը «Այո» է ասել անկախությանը, եթե անկախության հանրաքվեն անցկացվեր առաջիկա կիրակի։ Սակայն 1990-ի օգոստոսի 23-ին իրական անկախության հռչակման փոխարեն՝ ընդունվեց անկախության մասին հռչակագիր։ Այս առումով՝ Օգոստոսի 23-ի Անկախության մասին հռչակագիրը գենետիկ սխալ կոդ է։ Դա վախերի և կոմպրոմիսների արդյունք էր։ Մենք պետությունը կառուցեցինք ոչ թե ինքնիշխանության բացարձակ արժեքի, այլ ռուսական շահեր սպասարկելով՝ Արցախյան հաղթանակը պահելու հույսերի շուրջ։ Պետությունը դարձավ միջոց, ոչ թե նպատակ։
Այսօրվա իշխանությունը խոսում է «իրական Հայաստանի» մասին, բայց դա անում է ծնկաչոք։ Նրանց առաջարկած սահմանադրական փոփոխություններն ու զիջումները գիտակցված ռազմավարություն չեն, այլ ստիպողական նահանջ չբարեկամի ճնշման տակ։ Սա հաշվապահի քաղաքականություն է, որը փորձում են վերարտադրվել ընտրություններում ու պահել իշխանությունը՝ զոհաբերելով պետության ողնաշարն ու արժանապատվությունը։ Այս առումով՝ ՔՊ-ական իրատեսությունն, ըստ էության՝ կապիտուլյացիայի շարունակությունն է։
Իրական ինքնիշխանությունը սկսվում է սեփական տանը տեր լինելուց։ Մենք պնդում ենք՝ օտարերկրյա ռազմական ներկայությունը, մասնավորապես ռուսական ռազմաբազան, պետք է դուրս գա Հայաստանից օր առաջ։ Սա պրագմատիկ հաշվարկ է։ Քանի դեռ մենք սպասարկում ենք մի ռազմական մեքենա, որն աշխարհի հետ կոնֆլիկտի մեջ է, մենք դառնում ենք պատերազմի անուղղակի կողմ։ Մենք չենք կարող լինել ինքնիշխան բանակցող, քանի դեռ մեր հյուրասենյակում ուրիշն է որոշում մեր անվտանգության քաղաքականությունը։ Հայաստանից ռուսական զորքերի դուրս հրավիրելը ոչ միայն ինքնիշխանության հիգիենայի խնդիր է, այլ ուրիշի պատերազմի դաշտից դուրս գալու ողջամիտ քայլ։
Մեզ դարերով սովորեցրել են, թե հայրենասիրությունը տառապանք է, պարտք և զոհողություն։ Ես առաջարկում եմ այլ բանաձև։ Հայրենիքը Աստծո նվերն է մեզ քաղաքացիներիս։ Եվ այն պարտավոր ենք դարձնել ավելի լավը։ Պետությունը ժողովրդի ազատության ապացույցն է։ Այն հույս է տալիս, որ քաղաքացին բարիք ստեղծի, ստեղծագործի և վայելի, վստահ լինելով, որ իր աշխատանքի պտուղները վայելելու է նաև իր որդին, իր ժողովուրդը, զբոսաշրջիկը, ներգաղթյալը։ Հայաստանը ապրելու տեղ է։ Պիտի կառուցենք այնպիսի Հայաստան, որն ազատ աշխարհի համար չլինի խնդիր կամ բեռ, այլ հուսալի գործընկեր, բարեկամ, դաշնակից, եղբայր։
Պարզ ասած՝ պետք է չվախենանք սրբագրել մեր անցյալի սխալները, բայց դա պետք է անենք ոչ թե թշնամու թելադրանքով, այլ սեփական տեսլականով։ Մեր նպատակը կազմակերպված, մրցունակ և ինքնիշխան պետություն ունենալն է, որտեղ ժողովուրդն ազատ է, երկիր, որն իսկապես ապրելու, վայելելու տեղ է, որտեղ ազգի իրավունքներն ու ինքնիշխանությունը սահմանափակող օտար զորքեր չկան։
Հայկ Միրզոյան
Պահպանողական կուսակցության նախագահ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: