Զելենսկին հայտնել է, որ վաղը Ժնևում Ումերովը կհանդիպի ԱՄՆ բանագնացներ Ուիթկոֆի ու Քուշների հետ

Փետրվարի 26-ին Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը կհանդիպի ամերիկացի բանակցողներ Սթիվ Ուիթկոֆի և Ջարեդ Քուշների հետ։

Այս մասին հաղորդում է ՌԲԿ Ուկրաինան՝ հղում անելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայտարարությանը։

Նա ընդգծել է, որ սա կլինի իր առաջին երկկողմ հանդիպումը ԱՄՆ ներկայացուցիչների հետ։

«Առաջին հարցը prosperity package-ն  է, այսինքն՝ Ուկրաինայի վերականգնման փաթեթը, և մենք կքննարկենք մանրամասները։ Երկրորդ հարցն այն է, որ մենք կպատրաստվենք եռակողմ հանդիպմանը, որը կանցկացվի Ռուսաստանի հետ և, մեր կարծիքով, տեղի կունենա մարտի սկզբին», – ասվում է նրա հայտարարության մեջ։

Զելենսկին նաև ընդգծում է, որ Ումերովին հանձնարարվել է քննարկել փոխանակման մանրամասները։

Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարի մամուլի քարտուղար Դիանա Դավիթյանը լրագրողներին հայտնել է, որ Ումերովի հանդիպումը ամերիկացի բանակցողների հետ կկայանա Ժնևում։

Փետրվարի 24-ին Ուիթկոֆը հայտարարել էր, որ Քուշների հետ կմեկնի Ժնև՝ Ումերովի հետ հանդիպելու համար: Նրա խոսքով՝ այս հանդիպման նպատակն է շարունակել երկխոսությունը և քննարկել խաղաղության համաձայնագրի կնքման տարբերակներ։

Նա նաև հայտնել էր, որ Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղարը կարող է այնուհետև այցելել Ֆլորիդա։

Փետրվարի 17-18-ը  Ժնևում կայացել էր Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև եռակողմ բանակցությունների երրորդ փուլը։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment