Վրաստանի Տնտեսության նախարարության կողմից պատրաստված աշխատաշուկայի վերլուծության համաձայն՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում Վրաստանում կստեղծվի շուրջ 99 հազար նոր աշխատատեղ։ Հենց այս գնահատականի հիման վրա էլ վերանայվել և վերաբաշխվել են բուհական մասնագիտությունների քվոտաները։
Նախարարության ներկայացրած տվյալներով՝ արդեն 2026 թվականին մասնավոր հատվածում նախատեսվում է ստեղծել շուրջ 26 հազար նոր աշխատատեղ։
Կանխատեսվում է, որ մասնավոր հատվածում զբաղվածների թիվը ընթացիկ տարում կհասնի 960 հազարի, իսկ մինչև 2030 թվականը կգերազանցի 1 միլիոնը։
2025 թվականին՝ 2021 թվականի համեմատությամբ, զբաղվածության աճը կազմել է 151 հազար մարդ։ Սակայն եթե հաշվից հանվի COVID-19 համավարակի ազդեցությունը և համեմատությունը կատարվի նախահամավարակային միտումների հետ, աճը գնահատվում է շուրջ 96 հազար աշխատատեղ։
Մասնավոր հատվածում աշխատուժի պահանջարկի գնահատումը հիմնված է մի շարք գործոնների վրա, այդ թվում՝
- ձեռնարկությունների հմտությունների պահանջարկի ուսումնասիրությունների,
- մակրոտնտեսական կանխատեսումների,
- ինչպես նաև պետական քաղաքականությամբ պայմանավորված ճշգրտումների։
Կանխատեսման առանցքային ենթադրություններից մեկն այն է, որ միջնաժամկետ հատվածում տնտեսական աճը կպահպանվի տարեկան շուրջ 6% մակարդակում։
Մոդելում ներառվել են նաև մի շարք խոշոր ենթակառուցվածքային նախագծեր, մասնավորապես՝
- Անակլիայի նավահանգստի կառուցումը,
- Սև ծովով ստորջրյա մալուխի անցկացումը,
- Վազիանիում նոր օդանավակայանի կառուցումը,
- ինչպես նաև այլ լայնածավալ ծրագրեր։
Ըստ ուսումնասիրության՝ առաջիկա հինգ տարիների ընթացքում պետական և մասնավոր հատվածներում բարձրագույն կրթություն ունեցող աշխատուժի համախառն պահանջարկը կկազմի 64 095 մարդ։