ՀՀ ԱԳ փոխնախարարը Ալբանիայի իր գործընկերոջ հետ քննարկել է միջազգային կառույցներում երկու երկրի միջև փոխգործակցության ընդլայնման հեռանկարները


Փետրվարի 24-ին Ժնևում անցկացվող ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 61-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Ալբանիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարի տեղակալ Մեգի Ֆինոյի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:


Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել միջազգային կառույցներում Հայաստանի և Ալբանիայի միջև փոխգործակցության շրջանակի ընդլայնման հեռանկարներին: Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ, այդ թվում՝ Մարդու իրավունքների խորհրդի  շրջանակներում համատեղ աշխատանքների իրականացման հնարավորությունները:


ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր գործընկերոջն է ներկայացրել այս տարի Երևանում անցկացվելիք ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին ընդառաջ իրականացվող աշխատանքները:


Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների միջև երկկողմ օրակարգի առաջմղմանն ուղղված քայլերին, այդ թվում՝ քաղաքական երկխոսության խթանման և խորհրդակցությունների ակտիվացման միջոցով:

Leave a comment