Փետրվարի 24-ին Ժնևում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռուանդայի ԱԳ և միջազգային համագործակցության նախարար Օլիվիե Նդուհունգիրեի հետ:
Հանդիպմանը կարևորվել է Հայաստան-Ռուանդա քաղաքական երկխոսության շարունակական զարգացումը, այդ թվում՝ ստորագրված երկկողմ փաստաթղթերի իրականացման և ԱԳՆ-ների միջև քաղաքական խորհրդակցությունների միջոցով:
Արարատ Միրզոյանը և Օլիվիե Նդուհունգիրեն քննարկել են Հայաստանի և Ռուանդայի միջև երկկողմ համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կրթությունը, առողջապահությունն ու բարձր տեխնոլոգիաները:
Բազմակողմ հարթակներում փոխգործակցության համատեքստում առանձնանշվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հարթակի ներուժը և ՄԱԿ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել խաղաղության ամրապնդմանն ուղղված ջանքերի շուրջ:
ՀՀ ԱԳՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: