Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) սահմանել է 2026-ի հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախնական բյուջեն՝ շուրջ 4,45 մլրդ դրամ (մոտ 11,2 մլն դոլար)։ Այս մասին հայտնում են ԿԸՀ մամուլի ծառայությունից։
Փետրվարի 24-ին կայացած արտահերթ նիստի ժամանակ հաստատված նախահաշվի զգալի մասը՝ ավելի քան 1,8 մլրդ դրամ, ուղղվելու է տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների աշխատավարձերի վճարմանը։
Ընտրությունների նախապատրաստական փուլի շրջանակում հանձնաժողովը սահմանել է նաև կուսակցությունների և դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը։ Նոր կանոնակարգը համապատասխանեցվել է Ընտրական օրենսգրքի պահանջներին, համաձայն որի՝ քաղաքական ուժերն իրենց ցուցակի առաջին 30 թեկնածուներին պետք է հաստատեն համագումարի որոշմամբ։
Հանձնաժողովը սահմանել է թեկնածուի, լիազոր ներկայացուցչի, վստահված անձի, դիտորդի, այցելուի, թարգմանչի, ընտրատարածքային եվ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների, մասնագետի, աջակցման կենտրոնի մասնագետի, պատգամավորի, համայնքի ղեկավարի, ավագանու անդամի, կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի վկայականների ձևերը։
The post 2026-ի խորհրդարանական ընտրությունների համար 4,4 մլրդ դրամ է հատկացվել․ ԿԸՀ appeared first on CIVILNET.