Fip. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարին տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր․ «2018 թվականի համեմատ տեխնոլոգիական ոլորտի ընկերությունների թիվը Հայաստանում աճել է ավելի քան 12 անգամ՝ այսինքն, աճը՝ 1225 %-ով։ Դրամաշրջանառությունն աճել է 171 %-ով, այսինքն՝ համարյա քառապատկվել է դրամաշրջանառությունը, իսկ ոլորտի աշխատողների թիվն ավելի քան հնգապատկվել է»։
Փաշինյանն այս տվյալները ներկայացնելիս ասել էր, որ դրանք իրենց ձեռքի տակ եղած տվյալներն են։
«Փաստերի ստուգման հարթակը» գրավոր հարցմամբ դիմել էր Պետական եկամուտների կոմիտե՝ պարզելու՝ արդյոք վարչապետի հնչեցրած թվերը համապատասխանում են իրականությանը։ Մասնավորապես՝ FIP.am-ը հարցումով խնդրել է տրամադրել տվյալներ՝
- ՏՏ ոլորտի քանի՞ ընկերություն է գրանցված եղել 2018 և 2025 թվականներին
- ընդհանուր քանի՞ աշխատակից են ունեցել դրանք
- ինչքա՞ն է կազմել ընդհանուր դրամաշրջանառությունը։
Պետական եկամուտների կոմիտեն տրամադրել է պահանջվող վիճակագրական տվյալները՝ ներկայացնելով նաև մեթոդաբանությունը։
ՊԵԿ-ի մեթոդաբանությունը
Ըստ Պետական եկամուտների կոմիտեից ստացված տեղեկության՝ «գործունեության ոլորտ դիտարկվել է հաշվետու տարվա համար հարկային մարմնին ներկայացված շահութահարկի, շրջանառության հարկի և ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտի հաշվետվություններով հայտարարագրած ամենամեծ տեսակարար կշիռը», այսինքն՝ ընկերության հիմնական ոլորտ է համարվել այն ուղղությունը, որտեղից նա ստացել է իր եկամտի ամենամեծ մասը, իսկ որպես իրացման շրջանառություն հաշվարկվել է 2018 թվականի հաշվետու տարվա՝ ԱԱՀ-ի, շրջ/հարկի և ընտանեկան սուբյեկտի հաշվետվություններով հայտարարագրած գումարները:
Աշխատողների թվաքանակը հաշվարկելու համար ՊԵԿ-ը հիմք է ընդունել եկամտային հարկի և սոցիալական վճարների հաշվետվությունները։ Նախ հաշվարկել են տվյալ ընկերությունում աշխատած եզակի աշխատակիցների ընդհանուր թիվը, այնուհետև ավելացվել է այն անձանց միջին թվաքանակը, որոնք տվյալ ընկերությունից օրինակ՝ քաղաքացիաիրավական պայմանագրի հիման վրա համապատասխան կոդով եկամուտ են ստացել (Բաժին I, Բաժին II)։
Տեխնոլոգիական ոլորտի ցուցանիշը 2018-ին և 2025-ին
2018 թվականին գրանցված է եղել 1507 գործող (հարկ վճարող) ՏՏ ընկերություն։ Իրացման շրջանառությունը կազմել է շուրջ 137,8 միլիարդ դրամ։ Աշխատողների թվաքանակը կազմել է շուրջ 21,800 մարդ։
2025 թվականին գրանցված է եղել 14, 771 գործող ընկերություն։ Սա ոչ թե 12՝ այլ 9,8 անգամ է ավելին 2018 թվականից: Իրացման շրջանառությունը կազմել է շուրջ 1,2 տրիլիոն դրամ, ինչը ոչ թե 171 այլ շուրջ 770 տոկոսի աճ է։
Աշխատողների թվաքանակը կազմել է շուրջ 48,100 մարդ։ Սա ոչ թե հնգապատկում է, այլ կրկնապատկում։
Այսպիսով՝ ՊԵԿ-ի պաշտոնական տվյալների համաձայն՝ ՏՏ ոլորտը 2018-2025 թվականներին գրանցել է էական աճ՝ թե՛ ընկերությունների քանակով, թե՛ շրջանառությամբ, թե՛ աշխատատեղերով։ Սակայն վարչապետի հրապարակային հայտարարության մեջ ներկայացված տոկոսային և հարաբերական աճերի մի մասը չի համընկնում հարկային մարմնի տրամադրած վիճակագրության հետ։