Պատերազմի 4-րդ տարելիցին Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Կիև է ժամանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

24.02.2026 | 12:05

Եվրոպական հանձնաժողովի ղեկավար  Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Կիև է ժամանել ՌԴ-ի կողմից Ուկրաինա ներխուժման չորրորդ տարելիցի առիթով՝ խոստանալով, որ Եվրոպան «անսասան» կկանգնի Ուկրաինայի կողքին ֆինանսապես և ռազմական առումով։ Եվրոպական հանձնաժողովի ղեկավարը, որը պաշտոնը զբաղեցնում է 2019 թվականից, ժամանել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հետ։ Սա Ուրսուլա ֆոն դեր Լեյենի տասներորդ այցն է Կիև պատերազմի սկզբից ի վեր:

«․․․ մենք չենք նահանջի, մինչև խաղաղությունը չվերականգնվի, խաղաղություն՝ Ուկրաինայի պայմաններով»,-  ասել է նա։

ԵՄ ղեկավարության ներկայացուցիչները կմասնակցեն Ուկրաինայի մայրաքաղաքում կայանալիք  սգո արարողությանը և կհանդիպեն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Նախատեսվում է նաև այցելություն ռուսական հարվածներից վնասված էներգետիկ օբյեկտ։

Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա 2022 թվականի փետրվարի 24-ին՝ նպատակ ունենալով հեռացնել երկրի օրինական ընտրված ղեկավարությանը և գրավել հսկայական տարածքներ: Պատերազմի մեկնարկից չորս տարի անց ռուսական բանակը գրավել է Ուկրաինայի տարածքի մոտ 20 տոկոսը: Հակամարտության հետևանքով զոհվել են հարյուր հազարավոր զինծառայողներ և տասնյակ հազարավոր քաղաքացիական անձինք: Այս երեքշաբթի Եվրոպական խորհրդարանը անցկացնում է հատուկ նիստ՝ նվիրված Ուկրաինայում տեղի ունեցած պատերազմին:

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment