Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների 20-րդ փաթեթը երկուշաբթի օրը չի համաձայնեցվի. Կալաս

Քաղաքականություն

23.02.2026 | 17:07

Եվրամիության  դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ դեսպանները, հավանաբար, չեն կարողանա հաստատել Ռուսաստանի դեմ ԵՄ հակապատերազմական պատժամիջոցների նոր՝ 20-րդ փաթեթը այս երկուշաբթի՝ փետրվարի 23-ին: Նրա հայտարարությունը մեջբերել է Reuters-ը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Անցյալ ուրբաթ Կալասը հենց ինքն էր հայտարարել, որ փաթեթը կհամաձայնեցվի երկուշաբթի օրը։

Հետաձգման պատճառը Հունգարիայի դժգոհությունն է Ուկրաինայի կողմից «Դրուժբա» խողովակաշարով նավթի մղման դադարեցմանը, որի արդյունքում Հունգարիան այլևս նավթ չի ստանում այդ խողովակաշարով:

Անցյալ շաբաթվա վերջին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը խոստացավ արգելափակել պատժամիջոցները, եթե Ուկրաինան չվերսկսի մղումը: Ուկրաինայի իշխանությունները պնդում են, որ դա պայմանավորված է ռուսական հարձակման հետևանքով խողովակաշարի վնասմամբ, սակայն Հունգարիան հիմնավորումը չի համարում իրական:

«Հունգարիայի հայտարարությունները ցույց են տալիս, որ նա  չի փոխել իր դիրքորոշումը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ», – ասել է Կալասը։

ԵՄ-ն պլանավորում էր հակապատերազմական պատժամիջոցների նոր փաթեթը ընդունել փետրվարի 23-ին՝ Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժման չորրորդ տարելիցի նախօրեին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment