Ալիևը Իրանի նախարարի հետ քննարկել է Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը, Արաքսի վրա կամրջի կառուցումը

Քաղաքականություն

23.02.2026 | 16:17

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար, ադրբեջանա-իրանական միջկառավարական տնտեսական համագործակցության համատեղ հանձնաժողովի համանախագահ Ֆարզանե Սադեղի գլխավորած պատվիրակությանը։

Ադրբեջանական կողմի հաղորդմամբ՝ զրույցի ընթացքում գոհունակությամբ նշվել է Ֆարզանե Սադեղի՝ անցյալ տարի Ադրբեջան կատարած այցը և նրա հանդիպումը նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հիշելով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ վերջերս ունեցած հեռախոսազրույցը՝ Իլհամ Ալիևը նշել է, որ այդ զրույցի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի և Իրանի՝ որպես բարեկամ երկրների միջև համագործակցությունը:

Գոհունակությամբ նշելով երկկողմ օրակարգի ընդլայնումը, Ալիևն ընդգծել է, որ համատեղ իրականացվող նախագծերը լայն հնարավորություններ կբացեն ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Իրանի, ինչպես նաև՝ տարածաշրջանի համար: Նա հույս է հայտնել, որ այս բոլոր հարցերը կքննարկվեն Ֆարզանե Սադեղի Ադրբեջան այցի ընթացքում, և որ այցը դրական արդյունքներ կտա։

Ֆարզանե Սադեղը շնորհակալություն է հայտնել  ընդունելության համար։ Նա  փոխանցել է  Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի ողջույնները՝ ընդգծելով, որ Իրանի նախագահը հատուկ նշանակություն է տալիս Ադրբեջանի հետ հարաբերություններին։

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել Բաքվում կայանալիք Ադրբեջանի և Իրանի Իսլամական Հանրապետության  միջև տնտեսական, առևտրային և հումանիտար ոլորտներում համագործակցության պետական ​​հանձնաժողովի 17-րդ նիստի կարևորությանը։ Քննարկվել են Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքը, Աղբենդը և Քելալան միացնող Արաքս գետի վրայով ավտոմոբիլային կամրջի կառուցումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment