Որտե՞ղ են բուժաշխատողները, գուցե ճշտեի՞ք ով է լիազորել ՀԿ ներկայացնող երեք անձանց խոսել ՀՀ բոլոր բուժաշխատողների անունից. ԱՆ խոսնակ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նայեցի Ազգային ժողովի առջև 3  անձանց «բողոքի ակցիան»: Լրագրող գործընկների մոտ տեսա նյութի վերնագրեր` թե իբր «Բուժաշխատողները բողոքում են»: 
Որտե՞ղ են բուժաշխատողները:  Ընկերներ, իսկ գուցե ճշտեի՞ք ով է լիազորել կամ թույլ տվել ՀԿ ներկայացնող  երեք անձանց խոսել ՀՀ բոլոր բուժաշխատողների անունից: Այդ քանի՞ բուժաշխատող է դժգոհ: 

Կարո՞ղ եք փոխանցել ո՞ր բժշկական կենտրոններն ու անվանական ո՞ր բուժաշխատողներն են դժգոհ:
Ապահովագրության` դեռևս նախագծի մշակմանը զուգահեռ և նաև ներդրմանն ընդառաջ պարբերաբար մասնագիտական հանրույթի հետ քննարկումներ են իրականացվել, այդ թվում նաև Ազգային ժողովում: 

Ի դեպ, այսօրվա «բողոքի»  երեք կազմակերպիչներն էլ ունեին լիուլի իրավունք և հնարավորություն ժամանակին իրենց հասարակական կազմակերպության անունից ներկայացնել դիտարկումները, առաջարկները: 

Դե իհարկե, հասկանում եմ, քաղաքական առումով  պատեհ ժամանակահատվածը հիմա է: 
Ես վստահաբար հայտարարում եմ, չկա  որևէ բուժաշխատող` լինի ավագ թե միջին, ով ցանկանում է նախարար Անահիտ Ավանեսյանին խնդիր, բողոք, մտահոգություն, առաջարկ ներկայացնել և դա հնարավորինս օպերատիվ չի կազմակերպվում: 

Հավատացե՛ք, մենք մեր բուժանձնակազմի հետ շփվելիս միջնորդի կարիք չենք ունենում, խնդիրներին էլ` լինի բովանդակային, թե´տեխնիկական, ոչ միայն տեղեկանում ենք առաջինը, այլև ինքներս ենք տեսնում ու գնում լուծումների ճանապարհով»:

Leave a comment