Վաշինգտոն-Թեհրան լարվածություն եւ ուրբաթօրյա բանակցությունների սպասում


 


Բանակցային նոր փուլի ընդառաջ գրանցված Վաշինգտոն-Թեհրան լարվածության մասին «Նոյյան Տապան»-ը զրուցել է քաղաքական վերլուծաբան Շահան Գանտահարյանի հետ։


 


– Ի՞նչ նոր զարգացումներ կան Վաշինգտոն–Թեհրան հնարավոր բանակցությունների շուրջ։


 


– Ամերիկյան աղբյուրների համաձայն՝ Վաշինգտոնի կողմից բանակցողները պատրաստ են ուրբաթ օրը Ժընևում Իրանի հետ բանակցությունների ևս մեկ փուլ սկսել, եթե առաջիկա երկու օրերին Թեհրանից ստանան միջուկային համաձայնագրի վերաբերյալ մանրամասն առաջարկներ։


 


– Ինչպե՞ս են ամերիկյան պաշտոնյաները գնահատում ներկա փուլը։


 


– Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պաշտոնյաները նշում են, որ դիվանագիտական տարբերակը, հավանաբար, վերջին հնարավորությունն է, որը Թրամփը տալիս է Իրանին՝ նախքան Միացյալ Նահանգների և Իսրայելի կողմից լայնածավալ ռազմական գործողության դիմելը։ Նշվում է նաև, որ նման գործողությունը կարող է ուղղակիորեն թիրախավորել Իրանի գերագույն առաջնորդին։


 


– Մինչ այս հայտարարությունները ինչպիսի՞ մթնոլորտ էր ձևավորվել։


 


– Մինչ այս տեղեկատվության հրապարակումը փոխադարձ հռետորաբանությունը և տեղում արձանագրվող նախապատրաստական քայլերը լարվածության նոր աստիճաններ էին արձանագրում։ Ռազմական սցենարների հավանականության մասին հայտարարությունները գնալով ավելի հնչեղ էին դառնում։


 


– Ի՞նչ պայմանով կարող է կայանալ բանակցությունների երկրորդ փուլը։


 


– Երկրորդ փուլի անցկացումը կախված է Իրանի կողմից ներկայացվելիք առաջարկներից։ Թեհրանը նախապես հայտարարել էր, որ կա հնարավոր համաձայնագրի նախագիծ, որի ուղղությամբ մշակվում են լրացուցիչ առաջարկներ։ Այս հայտարարությունը, ըստ էության, համընկնում է ամերիկյան աղբյուրների փոխանցած տեղեկատվության հետ։


 


– Ո՞րն է հիմնական տարաձայնությունը կողմերի միջև։


 


– Մինչ այժմ հարցը ներկայացվում էր այնպես, որ հիմնական տարակարծությունը վերաբերում է համաձայնության ձևաչափին՝ այն փուլայի՞ն պետք է լինի, թե՞ փաթեթային։ Այլ կերպ ասած՝ բանակցությունները պիտի սահմանափակվե՞ն միայն միջուկային դոսյեի շրջանակով, թե՞ ընդգրկեն նաև հեռահար հրթիռների ծրագիրը և Իրանի տարածաշրջանային հենակետերը։


 


– Ի՞նչ նոր շեշտադրումներ են նկատվում Վաշինգտոնի հայտարարություններում։


 


– Եթե նախկինում խոսվում էր սահմանափակ գործողությունների բարձր հավանականության մասին, ապա այժմ հռետորաբանությունը կարծես նոր մակարդակի է հասել։ Խոսվում է ԱՄՆ–Իսրայել համատեղ հարձակման և նույնիսկ Իրանի գերագույն առաջնորդի թիրախավորման մասին։ Սա ճնշման հստակ աճ է։


 


– Ինչպե՞ս կարելի է մեկնաբանել այս զարգացումները քաղաքական տեսանկյունից։


 


– Քաղաքական ընթերցմամբ կարելի է ենթադրել, որ առաջիկա օրերին Թեհրանը կարող է ներկայացնել համաձայնագրի լրամշակված տարբերակը։ Հնչող սպառնալիքներն ու ճնշումները, ըստ ամենայնի, միտված են Իրանից ակնկալվող առաջարկները ստանալուն։ Սակայն դեռևս պարզ չէ՝ օրակարգը ամբողջական և համապարփակ կլինի, թե բանակցությունները կընթանան փուլ առ փուլ՝ թեմա առ թեմա։


 


– Ի՞նչ ազդեցություն կարող են ունենալ այս բանակցությունները տարածաշրջանային գործընթացների վրա, մասնավորապես Լիբանանում։


 


– Պետք է ուշադրության կենտրոնում պահել նաև Լիբանանում խորհրդարանական ընտրությունների անցկացման կամ հետաձգման շուրջ նոր ակտիվացած քննարկումները։ Իրանը, տարածաշրջանում իր հենակետերի դեմ իրականացված հարձակումներից հետո, շարունակում է պահպանել ազդեցությունը, ինչը մտահոգում է Թել-Ավիվին։


 


Լիբանանը, թեկուզ որոշակի վերափոխումներով, դեռևս կրում է այդ ազդեցությունը։ Ընտրությունների կայացման կամ հետաձգման հարցը նոր հնչեղություն ստացավ այն պահին, երբ Վաշինգտոն–Թեհրան լարվածությունն աճեց։ Եթե ուրբաթ օրը նախատեսված բանակցային փուլը կայանա, ապա այն կարող է իր ազդեցությունն ունենալ լիբանանյան ընտրական օրակարգը ներկայիս անորոշ վիճակից դուրս բերելու գործընթացի վրա։


 


 


Leave a comment