Ուղևորը վարորդի օգտին անգործություն դրսևորելու համար պարեկին կաշառք է առաջարկել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ ներքին գործերի նախարարությունից ստացված հաղորդման հիման վրա նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ տրանսպորտային միջոցի ուղևորը, վարորդի օգտին ապօրինի անգործություն դրսևորելու համար ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկներից մեկին կաշառք է առաջարկել:

Մասնավորապես՝ 2026 թվականի փետրվարին պարեկային ծառայողները, կանգնեցնելով քաղաքացու վարած ավտոմեքենան, պարզել են, որ վերջինս չունի վարորդական վկայական, ինչպես նաև գտնվում է ոչ սթափ վիճակում:

Դրանից հետո, վարչական իրավախախտման մասին արձանագրություն կազմելու ընթացքում, տվյալ ավտոմեքենայի ուղևորը պարեկային ծառայողներից մեկին որպես կաշառք գումար է առաջարկել՝ փորձելով այն դնել պարեկի գրպանում, սակայն կաշառք առաջարկած քաղաքացին ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության համապատասխան բաժին:

Վարորդի օգտին ապօրինի անգործության նպատակով պարեկին կաշառք առաջարկելու համար վերը նշված քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Վերջինս ընդունել է իրեն ներկայացված մեղադրանքը և տվել խոստովանական ցուցմունք:

Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment