Բուժաշխատողները բողոքում են․ ակցիա՝ ապահովագրական համակարգի բացերի շուրջ ԱԺ լսումներ անցկացնելու պահանջով

Հասարակություն

23.02.2026 | 13:14

Մի խումբ բուժաշխատողներ և ՀԿ ներկայացուցիչներ Ազգային ժողովի շենքի դիմաց բողոքի ակցիան են նախաձեռնել առողջության համաընդհանուր ապահովագրության համակարգի բացերի և ռիսկերի վերաբերյալ։

Ըստ «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության համահիմնադիր Անուշ Պողոսյանի՝ ապահովագրական համակարգի ներդրումից հետո բժիշկներն ուշացումով են ստացել իրենց աշխատավարձերը և դրանք եղել են ցածր։ Ասում են, որ ցանկանում են ապահովագրության համակարգը գործի, սակայն ակնկալում են, որ այն արդյունավետ լինի և չոտնահարվեն բուժաշխատողների շահերը։ 

Ակցիայի մասնակիցները նամակներ են հանձնել ԱԺ նախագահին և բոլոր խմբակցություններին՝ պահանջելով թեմայի վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպել:

Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին Առողջապահության նախարարությունը բուժաշխատողների աշխատավարձի ուշացումների վերաբերյալ պարզաբանում էր տարածել և խնդրել ըմբռնումով մոտենալ։

«Պոլիկլինիկական օղակի բուժաշխատողներն աշխատավարձը ստանում են երկու կտորով` պետական պատվերով իրականացված ծառայությունների և արդեն Առողջության համընդհանուր ապահովագրության ծառայությունների դիմաց: 

Առաջին կտորի` պետական պատվերով տրամադրված բուժծառայություների դիմաց, փոխհատուցումն իրականացված է: 

Հաշվի առնելով, որ ապահովագրության համակարգի մեկնարկային առաջին ամիսն է, նոր համակարգով  փոխհատուցումներ իրականացնելու համար  բուժկենտրոններին տրվել էր լրացուցիչ ժամանակ կատարողականներում նոր ներդրված ծառայությունների մուտքագրումների, ճշգրտումների համար: 

Վաղվա ընթացքում կազմակերպությունների ֆինանսավորումը կբացվի նաև ապահովագրության մասով»,- գրված է փետրվարի 17-ի հայտարարության մեջ:

Անի Թամրազյան

Leave a comment