Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծախսերը նախատեսվում է մասնակիորեն փոխհատուցել հարակից տարածքում բիզնես կենտրոնի հիմնման միջոցով, ինչի շուրջ մրցութային գործընթացն արդեն մտել է եզրափակիչ փուլ։
«Ծրագրի շրջանակներում հայտարարված երկփուլ մրցույթին մասնակցելու համար դիմել են յոթ միջազգային և տեղական ընկերություններ, որոնցից երկուսն արդեն որակավորվել են և պետք է մինչև մարտի 3-ը ներկայացնեն իրենց ամբողջական առաջարկները»,- ներկայացրեց Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար Անետա Բաբայանը։
Այս նախագիծը, որն իրականացվում է «Սուրմալու» մետրոյի կայարանի ներդրումային ծրագրի անալոգիայով, նախատեսում է հարակից տարածքի համար հայեցակարգային լուծումների և «բիզնես քեյսի» մշակում, ինչը թույլ կտա ձևավորել հստակ ներդրումային փաթեթ՝ ներառյալ հողի արժեքի և ֆինանսական մոդելի վերլուծությունները։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանի փոխանցմամբ՝ նախագծի հիմնական տրամաբանությունն այն է, որ կայարանի կառուցման հատվածում հիմնվի բիզնես կենտրոն, որը ֆինանսապես գրավիչ կլինի և որոշակիորեն կմեղմի մետրոյի կայարանի կառուցման համար անհրաժեշտ ծախսերը։
Ընտրված ընկերությունները պետք է ներկայացնեն նախնական էսկիզային առաջարկ և տեխնիկատնտեսական հիմնավորում, որից հետո կիրականացվեն վերջնական բանակցություններն ու պայմանագրի կնքումը։ Ակնկալվում է, որ ծրագրի շրջանակներում բուն աշխատանքները կմեկնարկեն հունիսի կեսերից։
The post Մետրոյի «Աջափնյակ» կայարանի հարևանությամբ բիզնես կենտրոն կկառուցվի appeared first on CIVILNET.