Հոդացավերն ու արթրիտը լրջորեն կարող են խաթարել մարդու կյանքի որակը՝ հանդիպելով և՛ երիտասարդների, և՛ տարեց մարդկանց շրջանում։ Որքան էլ բուժման մեթոդները տարբեր, իսկ առաջարկվող դեղամիջոցները բազմազան են, միշտ չէ, որ հաջողվում է լիովին ձերբազատվել հոդերի հետ կապված խնդիրներից, սակայն կանխարգելման, գրագետ բուժման և պահպանողական միջոցառումների օգնությամբ կարելի է մեղմացնել դրանք։ Այս հոդվածում մենք դիտարկում ենք այն հիմնական հավելումները, որոնք կիրառվում են հոդացավերի, արթրիտի դեմ պայքարում՝ պարզաբանելով, թե ինչ ազդեցություն ունեն դրանք և արդյո՞ք կարող են օգտակար լինել ձեզ համար։
Գլյուկոզամին
Գլյուկոզամինն արթրիտի դեպքում կիրառվող ամենատարածված հավելումներից մեկն է։ Համարվում է, որ այն կարող է դանդաղեցնել աճառի քայքայումը, թեթևացնել օստեոարթրիտի ցավերն ու բարելավել հոդերի շարժունակությունը։ Ըստ սւսումնասիրությունների՝ գլյուկոզամինը կարող է օգնել հոդացավերի դեպքում, սակայն արդյունքները լիովին հասկանալու համար անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ։
Գլյուկոզամինի օգտակար ազդեցությունները
Նշենք, որ մարդու օրգանիզմն արտադրում է գլյուկոզամին, որն անհրաժեշտ է աճառի աճի ու վերականգնման համար, իսկ գլյուկոզամինի հավելումները կարող են լրացուցիչ կերպով նպաստել հոդերը «յուղելու» հարցում՝ կանխելով աճառային հյուսվածքի քայքայումը։
Գլյուկոզամինի կողմնակի ազդեցությունները
Գլյուկոզամինի հավելումները հիմնականում անվտանգ են և սովորաբար խնդիրներ չեն առաջացնում։ Սակայն դրանք կարող են փոխազդեցության մեջ մտնել արյունը նոսրացնող դեղամիջոցների հետ, օրինակ՝ վարֆարինի (Կումադին)։ Գլյուկոզամինը կարող է նաև ազդել արյան մեջ շաքարի մակարդակի վրա, ուստի շաքարային դիաբետ ունեցող մարդիկ այն ընդունելուց առաջ պետք է խորհրդակցեն բժշկի հետ։
Գլյուկոզամինի այլ կողմնակի ազդեցություններից կարող են լինել՝
-
ստամոքսի խանգարումը,
-
սրտխառնոցը,
-
այրոցը,
-
փորլուծությունը,
-
փորկապությունը։
Գլյուկոզամինը հակացուցված է այն անձանց, որոնք ալերգիկ են խեցգետինների նկատմամբ կամ ունեն գլաուկոմա հիվանդությունը։
Ինչպե՞ս ստանալ գլյուկոզամին բնական ճանապարհով
Գլյուկոզամինը գրեթե չի հանդիպում սննդի մեջ։ Հավելումների մեծ մասը պատրաստվում է խիտոզամինից․ այս բնական բաղադրիչը պարունակվում է ծովախեցգետինների, օմարների պատյաններում։
Գլյուկոզամինը՝ խոնդրոիտինի հետ
Առողջ աճառն արդեն իսկ պարունակում է գլյուկոզամին և խոնդրոիտին։ Այս երկու նյութերը ներառող հավելումները շատ տարածված են և վաճառվում են որպես արթրիտի ցավը մեղմող և հոդերի կաշկանդվածությունը նվազեցնող միջոցներ։ Սակայն դրանց արդյունավետության վերաբերյալ հետազոտությունների արդյունքները հակասական են։
Գլյուկոզամինի ու խոնդրոիտինի հավելումներն ունեն հակաբորբոքային ազդեցություն, որը կարող է օգնել ցավի, այտուցի և արթրիտի որոշ ախտանշանների նվազեցման հարցում։
Կուրկումին
Կուրկումինը քրքում համեմունքի ակտիվ բաղադրիչն է, որը հայտնի է իր հակաբորբոքային հատկություններով։
Կուրկումինի օգտակար ազդեցությունը
Որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ կուրկումինը, լինելով հզոր միացություն, կարող է արդյունավետ լինել ինչպես օստեոարթրիտի, այնպես էլ ռևմատոիդ արթրիտի ախտանշանների թեթևացման համար, գուցե և ավելի արդյունավետ, քան որոշ հակաբորբոքային դեղամիջոցներ։
Կանաչ թեյ
Հետազոտությունները ցույց են տվել, որ կանաչ թեյում պարունակվող բուսական միացությունը՝ էպիգալոկատեխին գալատը (EGCG), կարող է օգնել հոդերի և մկանների առողջությանը։ EGCG-ն հզոր հակաօքսիդանտ է՝ մինչև 100 անգամ ավելի ուժեղ, քան C և E վիտամինները։
Լաբորատոր և կենդանիների վրա կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ էպիգալոկատեխին գալատը կարող է պաշտպանել աճառային հյուսվածքներն ու ոսկորները՝ նվազեցնելով ինչպես օստեոարթրիտի, այնպես էլ ռևմատոիդ արթրիտի ռիսկը։ Սակայն անհրաժեշտ են լրացուցիչ հետազոտություններ՝ հասկանալու համար, թե արդյո՞ք այս արդյունքները կիրառելի են մարդկանց համար։
Վիտամին D
Վիտամին D-ն կարևոր է, քանի որ օգնում է օրգանիզմին յուրացնել կալցիումը, որն անհրաժեշտ է ոսկորների ամրության համար։ Հետազոտությունները նաև ցույց են տվել, որ վիտամին D-ն օգնում է պայքարել բորբոքման դեմ։
Ուսումնասիրությունների ժամանակ ռևմատոիդ արթրիտ ունեցող մարդկանց արյան մեջ վիտամին D-ի մակարդակը մշտապես ավելի ցածր է եղել, քան արթրիտ չունեցողների մոտ։ Եթե ձեր վիտամին D-ի մակարդակը ցածր է, ռևմատոիդ արթրիտի ախտանշանները կարող են ավելի սրվել։
Օմեգա-3 ճարպաթթուներ
Օմեգա-3 ճարպաթթուները, որոնք առկա են ձկնատեսակների և այլ մթերքների կազմում, խթանում են օրգանիզմում այնպիսի քիմիական նյութերի արտադրությունը, որոնք օգնում են վերահսկել բորբոքումը։ Հետազոտությունները ենթադրում են, որ դրանք կարող են թուլացնել ռևմատոիդ արթրիտի բորբոքային ախտանշանները, մեղմացնել արթրիտի ցավը և հոդերի կարկամությունը։
Ծանուցում․ Բոլոր վիտամիններն ու հանքանյութերն ունեն տարբեր չափաբաժիններ և օրական առաջարկվող քանակներ։ Նախքան որևէ հավելում ընդունելը խոսեք ձեր բժշկի հետ, որպեսզի նա տեղեկացնի հնարավոր կողմնակի ազդեցությունների կամ դեղերի փոխազդեցությունների մասին։
Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: