Հունգարիան կբլոկավորի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը․ ԱԳ նախարար

Քաղաքականություն

22.02.2026 | 15:13

Հունգարիան կբլոկավորի Եվրոպական միության կողմից Ռուսաստանի դեմ նախատեսվող պատժամիջոցների 20-րդ փաթեթը։ Այդ մասին փետրվարի 22-ին X (նախկին Twitter) սոցիալական ցանցում հայտնել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։

«Վաղը ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստում նախատեսվում է ընդունել պատժամիջոցների 20-րդ փաթեթը։ Հունգարիան կբլոկավորի այն։ Մինչև Ուկրաինան չվերականգնի նավթի տարանցումը Հունգարիա և Սլովակիա՝ «Դրուժբա» նավթատարով, մենք թույլ չենք տա ընդունել Կիևի համար կարևոր որոշումներ», -գրել է Սիյարտոն։

Ինչպես փետրվարի սկզբին հայտնել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, նոր պատժամիջոցների փաթեթը միտված է ռուսական նավթի արտահանման համար ծովային ծառայությունների ամբողջական արգելքին։ Սահմանափակումների տակ կընկնեն «ստվերային նավատորմի» 43 տանկեր, ինչպես նաև կկասեցվեն սառցահատ նավերի և տանկերների տեխնիկական սպասարկումն ու այլ ծառայությունները։

Բացի այդ, նախատեսվում է արգելել այն մետաղների, քիմիական նյութերի և ռազմավարական նշանակության հանքանյութերի ներմուծումը, որոնք մինչ այժմ չեն հայտնվել պատժամիջոցների տակ, ինչպես նաև սահմանել լրացուցիչ սահմանափակումներ Եվրոպայից Ռուսաստան արտահանման վրա՝ «ռետինից մինչև տրակտորներ»։ Պատժամիջոցների ցանկում նախատեսվում է ընդգրկել նաև ևս 20 ռուսական տարածաշրջանային բանկ։ Փաթեթի ուժի մեջ մտնելու համար այն պետք է հաստատեն ԵՄ բոլոր անդամ երկրները։

Փետրվարի 18-ին Սիյարտոն հայտնել էր, որ Հունգարիան դադարեցնում է դիզելային վառելիքի մատակարարումները Ուկրաինա՝ մինչև Կիևը չվերականգնի նավթի տարանցումը «Դրուժբա» նավթատարով։ Բացի այդ, Բուդապեշտը արգելափակել է Ուկրաինային 90 մլրդ եվրո վարկի տրամադրումը, որը նախկինում հաստատել էր Եվրահանձնաժողովը։

«Ուկրաինան շանտաժի է ենթարկում Հունգարիային՝ խոչընդոտելով նավթի տարանցումը Բրյուսելի և հունգարական ընդդիմության հետ համակարգված կերպով, որպեսզի Հունգարիայում առաջացնի մատակարարման խափանումներ և ընտրություններից առաջ բարձրացնի վառելիքի գները»,-հայտարարել էր Սիյարտոն։

Leave a comment