Փետրվարի 16-ից 20-ը Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում գումարվել էր արհետսական բանականության խոշոր գագաթնաժողով՝ India AI Impact Summit 2026, որին մասնակցում էր նաև Հայաստանը։ Հունական Geopolitico կայքում հրապարակված հոդվածն անդրադառնում է գագաթնաժողովի օրակարգին ու նպատակներին։
Աշխարհը մտել է տեխնոլոգիական նոր դարաշրջան, որտեղ արհեստական բանականությունը փոխակերպում է կյանքն ու ձևավորում համաշխարհային տնտեսական առաջընթացը։ Սա վերաբերում է նաև Հնդկաստանի տնտեսական աճին, որտեղ ԱԲ-ի ներդրումը արագ փոխում է տնտեսությունը, և կանխատեսվում է, որ մինչև 2035-ը այն ՀՆԱ-ին կավելացնի հավելյալ 500 մլրդ դոլար։ Տեխնոլոգիական արագ փոփոխությունների պայմաններում Հնդկաստանի կառավարությունը ֆիզիկական ենթակառուցվածքներ ապահովողից վերափոխվել է թվային ենթակառուցվածքների իրական ժամանակում հասանելիությունը խթանող դերակատարի։ Քանի որ թվային ենթակառուցվածքների զարգացումը հիմնականում պայմանավորված է ԱԲ-ի փոխակերպող ուժի ընդլայնմամբ, Հնդկաստանը ակտիվ ներառել է այն իր զարգացման և կառավարման օրակարգում։
Հաշվի առնելով, որ ԱԲ-ն այլևս սահմանափակված չէ հետազոտական լաբորատորիաներով կամ խոշոր կորպորացիաներով և հասանելի է քաղաքացիներին՝ առողջապահության, գյուղատնտեսության, կրթության և հանրային ծառայությունների ոլորտներում, Հնդկաստանի կառավարությունը վերջին տարիներին նախաձեռնել է IndiaAI Mission-ը և ԱԲ-ի Գերազանցության կենտրոնները։ Կառավարման, ակադեմիական, առևտրային և սոցիալական ոլորտներում ԱԲ-ի դերը խորացնելու նպատակով Հնդկաստանը կազմակերպել է India–AI Impact Summit 2026-ը։
Այս գագաթնաժողովը, որը որպես այդպիսին համաշխարհային առաջին ԱԲ գագաթնաժողովն էր Գլոբալ Հարավում, կառուցված է երեք հիմնարար սյուների՝ «սուտրաների» վրա՝ Մարդիկ, Մոլորակ, Առաջընթաց։
Գագաթնաժողովի գաղափարական շրջանակը ցույց է տալիս Հնդկաստանի կառավարության տեսլականը՝ գնահատելու ԱԲ-ի ազդեցությունն ու դրա ընդլայնումը մարդկության վրա։ «Կայուն ԱԲ ապագա», «Գլոբալ համագործակցություն», «ԱԲ բոլորի համար», «Բազմակողմ գործողություններ». այս հիմնաբառերը վկայում են ազգային և համաշխարհային զարգացման ճանապարհին ԱԲ-ի միջոցով կառավարման ամրապնդման և հանրային ծառայությունների բարելավման հանձնառության մասին։
Գագաթնաժողովը դարձել է տեխնոլոգիական առաջնորդների հավաքատեղի․ Դելիի Բհարատ Մանդապամ պալատը հյուրընկալում է համաշխարհային տեխնոլոգիական ընկերությունների գործադիր տնօրենների և ԱԲ ոլորտի առաջատարների։ Մասնակիցների թվում են Google-ի, OpenAI-ի, Adobe-ի, Accenture-ի, Qualcomm-ի, Palo Alto Networks-ի, Creative Commons-ի ղեկավարները։ Հրավիրվածների թվում էին նաև Բիլ Գեյթսը, Սունիլ Բհարտի Միթալը, Մուկեշ Ամբանին, Նանդան Նիլեկանին, Սալիլ Պարեխը և ազդեցիկ այլ առաջնորդներ։ Տեխնոլոգիական, բիզնես, տնտեսական և քաղաքական ոլորտների ներկայացուցիչների համատեղ ներկայությունը ցույց է տալիս, որ Հնդկաստանի դերը ընդգրկուն է՝ հետազոտություններից և մշակումներից մինչև կարգավորում, հավասար հասանելիություն և ներդրում, ինչը ձևավորում է գլոբալ ԱԲ կառավարման նոր օրակարգ։
Գագաթնաժողովը դիտարկվում է որպես կարևոր հարթակ նաև Գլոբալ Հարավի համար՝ երկխոսության, նորարարության և քաղաքական փորձի փոխանակման նպատակով։ Այն ընդգծում է, թե ինչպես է Հնդկաստանը տվյալների և մարդկային կապիտալի հարուստ երկրից վերափոխվում ԱԲ-ով հզորացված կենտրոնի՝ տեխնոլոգիաները դարձնելով ներառական աճի և կայուն զարգացման գործիք։ Գագաթնաժողովը շեշտադրում է ԱԲ-ի ժողովրդավարացումը՝ այն դարձնելով հասանելի, մատչելի և կիրառելի լայն ու բազմազան օգտատերերի համար՝ ինչպես տեղական, այնպես էլ գլոբալ մակարդակում։
Համակարգված գլոբալ համագործակցությունը կյանքի է կոչվում գագաթնաժողովի աշխատանքային խմբի միջոցով, որը նախագահում են Հնդկաստանը, Եգիպտոսը և Քենիան։ Այսպիսով, Գլոբալ Հարավի համար Հնդկաստանը առաջարկում է ոչ միայն առաջնորդություն, այլ նաև օրակարգ՝ առավել ներառական և հավասարակշռված գլոբալ ԱԲ էկոհամակարգ ձևավորելու նպատակով՝ համատեղ հասանելիության, համագործակցության և կարողությունների զարգացման միջոցով։
Գագաթնաժողովի ժամանակահատվածը կարևոր է նաև Հնդկաստանի վերջին արտաքին քաղաքական ձեռքբերումների համատեքստում։ Հնդկաստանը ունի դրական համաշխարհային տնտեսական ընկալում՝ որպես արագ աճող տնտեսություն (կանխատեսվում է, որ մինչև 2028-ը այն կապահովի համաշխարհային աճի մոտ 20%-ը), առանցքային աշխարհաքաղաքական դերակատար, մատակարարման շղթաների դիվերսիֆիկացման կայուն ժողովրդավարական այլընտրանք և բազմավեկտոր գործընկեր։
Հնդկաստան–ԵՄ ազատ առևտրի համաձայնագրի շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվում ԱԲ ոլորտում համագործակցությանը՝ հատկապես կիսահաղորդիչների և բարձր տեխնոլոգիական արտադրության ուղղություններով։ Եվրոպական ԱԲ գրասենյակի և Հնդկաստանի Ազգային ԱԲ առաքելության միջև հաստատված ինստիտուցիոնալ կապերը ևս նպատակ ունեն համատեղ առաջ մղելու ԱԲ զարգացումը՝ օգտագործելով Հնդկաստանի բազմալեզու տվյալները և Եվրոպայի հետազոտական ենթակառուցվածքները։
Գագաթնաժողովի գլոբալ ընդգրկվածությունը երևում է նաև այն հանգամանքից, որ զարգացմանն ուղղված ԱԲ կիրառությունների համար ներկայացվել է ավելի քան 700 առաջարկ ամբողջ աշխարհից։
Մարդիկ, Մոլորակ, Առաջընթաց
Այս սուտրաները արտացոլում են ոչ միայն կառավարության քաղաքական մոտեցումը, այլև Հնդկաստանի գաղափարական և փիլիսոփայական հիմքերը։ Գագաթնաժողովը, հիմնվելով այս սկզբունքների վրա, երկխոսություն է ձևավորում բիզնեսի, ակադեմիական համայնքի և քաղաքականություն մշակողների միջև՝ կենտրոնանալով ԱԲ-ի ազդեցության վրա մարդկության, շրջակա միջավայրի և արդարության տեսանկյունից։
- Մարդիկ (People)՝ ներառականություն
- Մոլորակ (Planet)՝ կայունություն
- Առաջընթաց (Progress)՝ արդար բաշխում
Այս սկզբունքները ոչ միայն ուղղորդող գաղափարներ են, այլև գործնական, հարմարվող և կիրառելի ուղեցույցներ։
Գագաթնաժողովի միջոցով Հնդկաստանը հանդես է գալիս ոչ միայն որպես ԱԲ-ի սպառող և արտադրող, այլ նաև որպես դրա զարգացման, ազդեցության գնահատման և գլոբալ կարգավորման առանցքային կենտրոն։ India–AI Impact Summit 2026-ը հաստատում է, որ ԱԲ զարգացումները Հնդկաստանի զարգացման ռազմավարական խթանիչ են։ Այն միավորում է ազգային և տարածաշրջանային փորձը՝ բացահայտելու լավագույն պրակտիկաները կառավարման, հանրային ծառայությունների, հետազոտությունների և արդյունաբերության ոլորտներում ԱԲ կիրառման և ներդրման համար։
The post Գլոբալ Հարավի ձայնը ԱԲ կառավարման մեջ․ Նյու Դելիի գագաթնաժողովի օրակարգն ու նպատակները appeared first on CIVILNET.