«Փորձեք կողքից նայել ձեր հասցրած վնասներին»․ Էլինար Վարդանյանը՝ ԲԴԽ-ին | ՄԱՄՈՒԼ.ամ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը գրում է․ «Ովքեր դիտել են «Մեր բակը» ֆիլմը, կհիշեն էնտեղ մի հատված կար, որտեղ Լալան ասում էր. «Վիրավորվեցի՞ր, դե ուրեմն լսիր, քեզ համար հատուկ բառարանից դուրս եմ գրել. ուզում եմ ասել դու շատ անվրույր, հարթագեղմ և սուզածառոտ էակ ես»:
     Հիմա ուզում եմ նույն հարցը հնչեցնել ԲԴԽ-ին. «Վիրավորվեցի՞ք: Ուրեմն ձեզ համար հատուկ լուր ունեմ: Այն, ինչ մարդիկ ոչ հրապարակային խոսում են դատարանների և այս իշխանության կցորդ դատավորների մասին, շատ ավելի վիրավորական է և անհամեմատ մոտ է ոչ նորմատիվ բառապաշարին: Իսկ փաստաբանների որակումները շատ հաճախ ավելի մեղմ են, քան իրականությունն է:
     Պետք չէ ավելորդ վատանալ, վիրավորվել, պարզապես պետք է չարժանանալ այդպիսի որակումների:
     Իսկ դրա համար գիտեք ի՞նչ է անհրաժեշտ՝ նախ հարգել և առաջնորդվել բացառապես իրավունքով, օրենքով և ներքին համոզմունքով, եթե իհարկու ունեք: Չդառնալ կցորդ իշխանությանը, չդառնալ կամակատար, չդառնալ, ինչպես ձեզնից շատերին հրահանգ իջեցնողն էր ասում, «վնգաստացող», արդարադատությունը չստորադասել նեղ անձնական շահերին, չկայացանել ակնհայտ ապօրինի ու անարդար որոշումներ, կեղծ փաստերի և ապացույցների հիման վրա մարդկանց ամիսներով, տարիներով չփակել ՔԿՀ-ներում, չխաղալ մարդկանց ճակատագրերի հետ:
     Դուք այնպես եք խեղել արդարադատության համակարգը, որ այն վերականգնելու համար դեռ հսկայական ջանքեր են պահանջվելու: Փորձեք կողքից նայել ձեր հասցրած վնասներին, ու միգուցե օբյեկտիվորեն չեք հուզվի, չեք վիրավորվի, այլ կամաչեք»։

Leave a comment