Եպիսկոպոսաց հավաքը եղավ ՔՊ-ի ու նրա ղեկավարի տապալումների փաստաթղթավորված արձանագրումը. «Փաստ»

Եպիսկոպոսաց հավաքը և ընդունված հայտարարությունը թույլ են տալիս անել մի քանի ուշագրավ արձանագրումներ:

Առաջինը. չնայած Փաշինյանի ու, հասկանալի է, նրա հրահանգով՝ ռեպրեսիվ ու պատժիչ օրգանների հարուցած խայտառակագույն խոչընդոտներին, եպիսկոպոսաց հավաքը տեղի ունեցավ:

Երկրորդ. չափազանց սևեռվելով այդ հավաքը ամեն գնով տապալելու իր ցանկության վրա՝ Նիկոլ Փաշինյանն ստիպված եղավ լիովին մերկացնել իր իրական դեմքն ու նպատակները: Նախ՝ կատարվեց աննախադեպ ու ծայրահեղ խայտառակ բան. քրեական վարույթ նախաձեռնվեց Վեհափառի՝ Ամենայն հայոց կաթողիկոսի դեմ (այն էլ՝ բացարձակապես մտացածին «գործով» ու «հիմքերով»): Բացի այդ, Փաշինյանը Եկեղեցու հասցեին անհեթեթությունների հերթական «չափաքանակը» բարձրաձայնեց (կաթողիկոսությունը Հայաստանից հանելու, եկեղեցու գանձերն, իբր, տանելու մասին… բոլոր անընկալելի «թեզերը» չկրկնենք)՝ ստանալով համարժեք ծաղրական և մերժողական, քննադատական արձագանք հանրության կողմից: Այստեղ միայն մի դիտարկում. այդ ինչքա՞ն է երկիրը վարկաբեկելու իղձը մեծ, որ Փաշինյանը համարում է, թե մի քանի եկեղեցական կարող են անարգել Հայաստանից դուրս տանել Եկեղեցու գանձերն ու ունեցվածքը: Այսինքն, չկան ո՛չ ԱԱԾ, ո՛չ մաքսային մարմիններ, ո՛չ սահմանապահ ծառայություններ… Բայց սա առանձին խոսակցության թեմա է, որին դեռ կանդրադառնանք:

Երրորդ. Հայ առաքելական եկեղեցու դեմ իր արշավը Փաշինյանը փորձում էր և դեռ փորձելու է փաթեթավորել իբր «բարենորոգման» անվան տակ: Այդ նպատակով էր նաև, որ տարաբնույթ «գործիքակազմի» գործադրմամբ բացհայտվեցին և վարչապետի հետ սեղանի շուրջ նստեցվեցին 8-9 տիրադավ եպիսկոպոսներ, որոնք ստորագրեցին նրա «բարենորոգման թղթի» տակ: Բայց հատկանշական է, որ այդ ստորագրողներից և ոչ մեկը չհամարձակվեց մասնակցել եպիսկոպոսաց հավաքին: Ո՛չ մեկը: Ինչո՞ւ: Եթե իրենք այդքան վստահ են իրենց ստորագրության ու ստորագրած «թղթի» հարցում, ո՞րն էր խնդիրը, թող հանգիստ ելնեին, գնային, իրենց հոգևոր եղբայրների հետ քննարկեին հուզող հարցերը: Հենց դրա համար են նման հավաքները: Ավելին, եկեղեցական ու կանոնական հարցերը քննարկելու տեղը Եպիսկոպոսաց ժողովն է, այլ ոչ թե «վարչապետաց կառավարական ամառանոցը» կամ կառավարության շենքը:

Փաշինյանական «եպիսկոպոսների» կամ, ինչպես ժողովրդական բանահյուսությունն է կնքել, «քպիսկոպոսների» բացակայությունը թույլ է տալիս նկատել, որ նրանք առնվազն ասելիք չունեն, երես ու երեսատեղ չունեն՝ իրենց հոգևոր եղբայրներին ներկայանալու, իրենք ընդամենը Հայ առաքելական եկեղեցու դեմ աշխարհիկ ու անցողիկ իշխանության ձեռքում կույր գործիքի են վերածվել:

Չորրորդ. Եպիսկոպոսական հավաքը վերահաստատեց ու ընդգծեց Հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասի, բարձրաստիճան հոգևորականների բացարձակ մեծամասնության միասնականությունն ու միակամությունը հիմնական հարցերում: Իսկ Փաշինյանն ու նրա «քպիսկոպոսները» փոքրամասնություն են: Ավելին, ընդունված հայտարարությունը սոսկ 25 հայ եպիսկոպոսի համատեղ տեսակետ չէ: Դա Հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասի ճնշող մեծամասնության, կարելի է ասել՝ համայն քրիստոնյա հայության կամքի արտահայտությունն է, որը ոչ մի ԱԱԾ-ական չի կարող «խմբագրել», ոչ մի իշխանահաճո դատավոր չի կարող բանտարկել, ոչ մի հաճկատար քննիչ չի կարող դրա վրա «գործ կարել»:

Եպիսկոպոսաց հավաքը եղավ ՔՊ-ի ու նրա ղեկավարի այդ տապալումների փաստաթղթավորված արձանագրումը: Ու գուցե նոր տապալումների նախազդը…

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment