ՀՀ-ում առաջիկա՝ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների մասին․ Հայտարարություն
2026թ․ փետրվարի 6-ին պաշտոնապես նշանակվեցին Ազգային ժողովի ընտրությունները, որոնք կկայանան սույն թվականի հունիսի 7-ին։
Սա առաջին հերթական խորհրդարանական ընտրություններն են 2017 թվականից հետո։ Այս ընթացքում երկու անգամ՝ 2018 թվականին հետհեղափոխական բևեռացված միջավայրում և 2021 թվականներին՝ հետհամավարակի, հետպատերազմական, նոր ռազմական սպառնալիքներով լի պայմաններում Հայաստանի Հանրապետության քաղաքացիները կարողացան արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով լուծել տարբեր բնույթի քաղաքական ճգնաժամներ։
Այսպես, 2018թ․ ԱԺ ընտրություններին ընդառաջ խստացվեցին ընտրակաշառքի դեպքերում պատասխանատվության միջոցները, քրեականացվեց ընտրությունների հետ կապ ունեցող սուբյեկտների կողմից բարեգործության իրականացումը, որոնցով կանխարգելվեց նախկինում մեծ տարածում ունեցող և ընտրողների կամքի վրա ազդող հանցագործությունը։
2021 թվականին նախընտրական փուլում տեղի ունեցան էական սկզբունքային փոփոխություններ։ Ապրիլ ամսին փոփոխվեց ընտրակարգը՝ վերացնելով տարածքային (ռեյտինգային) ցուցակները, որով կանխվեց փողի և հանցագործ հեղինակությունների գերիշխանությունը։
Մայիսին ընդունված փաթեթով սահմանվեցին սեռերի ներկայացվածության և ՏԻՄ ընտրությունների պարագայում տարածքային ներկայացվածության նոր քվոտաները, մեծամասնությունը անցավ համամասնական ընտրակարգով ընտրությունների, իսկ ավագանու կողմից համայնքի ղեկավարի ընտրությունը դարձավ բաց, փոփոխվեցին քարոզչության ժամանակահատվածի կարգավորումները, սահմանվեցին բարեգործության արգելքի, հավաքներին մասնակցելուն խոչընդոտելու կամ պարտադրելու ավելի խիստ կարգավորումներ։
Ընտրությունների արդյունքի կեղծման ռիսկի չեզոքացման նպատակով պարզեցվեց վերահաշվարկի ընթացակարգը և օրենքով սահմանվեց պատահականության սկզբունքով վերահաշվարկ իրականացնելու կանոնը։ Այս բոլոր փոփոխությունները ուժի մեջ մտան ավելի ուշ ժամկետներում։
Այնուամենայնիվ ընտրական գործընթացները իրենց բնույթով զարգացող, փոփոխվող մարտահրավերներով ոլորտ են և 2021-ից հետո ռեգիոնալ և գլոբալ մակարդակով ի հայտ են եկել այնպիսի սպառնալիքներ, որոնք չեն հասցեագրվել նախորդ փոփոխություններով։ Այդպիսի սպառնալիք են համակարգված ապատեղեկատվությունը, կոգնիտիվ ներգործությունները և օտարերկրյա հիբրիդային միջամտությունները։ Հայաստանյան իրականության մեջ էական վտանգների թվում են չգրանցված քաղաքական միավորումները և դրանց ֆինանսավորումը, քաղաքականապես կողմնակալ դիտորդությունը, կուսակցությունների օգտին երրորդ անձանց ներդրումները՝ չնայած սահմանված արգելքներին ու շեմերին։
Օրենսդրական վերջին փոփոխությունները տեղի ունեցան նախորդ ամիս՝ հունվարի 23-ին՝ խստացնելով դիտորդական առաքելությունների հավատարմագրման պահանջները և քաղաքական քարոզչության բացառման սկզբունքը, ինչը խիստ ողջունելի է։ Հստակ է, որ դիտորդական առաքելությունները պետք է գործեն որպես ընտրական գործընթացների անաչառ մշտադիտարկող և չզբաղվեն մասնակից ուժերի կողմ կամ դեմ քարոզչությամբ և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է ունենա գործիքներ ընտրական օրենսգրքի պահանջների ապահովման նպատակով քայլեր ձեռնարկելու համար։
Այդուհանդերձ, ինչպես արդեն իսկ նշել ենք 2026թ․ հունվարի 23-ի հայտարարությամբ, օրենսդրությունն ունի էական բացեր, որոնք ճակատագրական կարող են լինել խորհրդարանական ընտրություններում։
Գիտակցելով, որ ընտրություններից մի քանի ամիս առաջ օրենսդրական ցանկացած փոփոխություն շահարկվելու է որպես «խաղի կանոնների փոփոխություն», այնուամենայնիվ, հարկ ենք համարում արձանագրել, որ Հայաստանի Հանրապետության ընտրական համակարգին սպառնացող մի քանի խնդիրներ շարունակում են չհասցեագրված մնալ և այդ բացերը լրացնելը ժողովրդավարության պաշտպանության տեսանկյունից գերակա է՝ ժամկետների ձևական պահպանման նկատմամբ։
Ներքոնշյալ փոփոխությունների իրականացումը պետք է սեղմ ժամկետներում քննարկվի քաղաքական հիմնական դերակատարների և քաղաքացիական հասարակության հետ և ընդունվի Ազգային ժողովի կողմից՝ սպասվող խորհրդարանական և ՏԻՄ ընտրություններին, հետագայում սահմանադրական հանրաքվեին կիրառվելու նպատակով։
Կուսակցություններին նվիրատվությունների վերին շեմը շրջանցելու կամ ապօրինի միջոցներ ներգրավելու արգելքը պիտի խստացվի՝ չսահմանափակվելով միայն կուսակցության անդամների նկատմամբ արգելքով և ներառելով կուսակցության օգտին ուղղակիորեն կատարված ծախսերը, որոնք գերազանցում են թույլատրելի շեմերը կամ կատարվում են ապօրինի աղբյուրներից։
Վերահսկող մարմինները՝ Կենտրոնական բանկը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պետք է արդյունավետ մշտադիտարկում իրականացնեն նախընտրական սեղմ ժամկետներում։
Հանրությանը թափանցիկ և հասանելի դարձնել 2026թ․ հունվարի 1-ից մինչև քվեարկության օրը կուսակցություններին նվիրատվություն կատարած անձանց տվյալները (այդ թվում՝ հայրանունները) իրական ժամանակում կամ որոշակի պարբերականությամբ։
Հայաստանի Հանրապետությունը պետք է ընդունի տեղեկատվական խոշոր հարթակների պատասխանատվության շրջանակը և այդ հարթակներում տեղեկատվություն տարածողների պատասխանատվության շրջանակը հստակեցնող օրենսդրություն։
Այս օրենսդրությունը պետք է հստակ սահմանի ժողովրդավարության, սահմանադրական կարգին, ընտրությունների բարեվարքությանը սպառնացող միտումնավոր, զանգվածային, համակարգված ապատեղեկատվության տարածման արգելքը, ապահովի նման ապատեղեկատվության վերացումը և նախատեսի թե՛ ապատեղեկատվության տարածման սահմանափակման, թե՛ հանցավոր նպատակներ հետապնդող ապատեղեկատվական արշավը կազմակերպող անձանց պատասխանատվության մեխանիզմները։
Ընտրություններին առաջադրվելու դեպքում նոր գրանցված կուսակցությունների պաշտոնատար անձինք պետք է ներկայացնեն նախորդ տարվա հայտարարագրման ենթակա տեղեկատվությունը, եթե նախորդ մեկ տարվա ընթացքում, որպես կուսակցության պաշտոնատար անձ կամ հանրային պաշտոնատար անձ, հայտարարագիր չեն ներկայացրել։ Սա կարևոր է նոր և մեկ տարուց ավել գործող կուսակցությունների համար հավասար պայմանների և հաշվետվողականության հավասարության ապահովման տեսանկունից։
Չգրանցված քաղաքական միավորումները, ընտրություններին կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի ձևաչափով առաջադրվելու պարագայում պետք է ներկայացնեն իրենց հետ ասոցացվող միավորումների ֆինանսական մուտքերն և ելքերը առնվազն ընտրությունների նշանակման պահից, իսկ որոշակի ողջամիտ շեմը գերազանցող ծախսերը, որոնց արդյունքում գոյացած արդյունքը (այդ թվում ձեռքբերված գույքը) օգտագործվում է նախընտրական քարոզչության նպատակով պետք է ներառվեն նախընտրական հիմնադրամներում իրենց շուկայական արժեքով։ Այս վերջին առաջարկն այլևս կիրառելի չէ սպասվող ԱԺ ընտրությունների առնչությամբ, քանի որ ընտրությունները նշանակվել են։
Այս ուղղություններով շուտափույթ քայլեր չձեռնարկելու պարագայում՝ պատասխանատու պետական մարմինների իրավասության ու հստակ կարգավորումների պակասի պայմաններում, խիստ հավանական չարաշահումների դեպքում մենք ականատես ենք լինելու հանցավոր անգործության կամ սեփական լիազորությունների լայն մեկնաբանման վտանգավոր երկընտրանքի, իսկ արդյունքում նախընտրական մրցապայքարի խաթարման, ապօրինի փողերի շրջանառության, ընտրողների կաշառման, որի ողջ պատասխանատվությունը կրելու է այսօր իշխող քաղաքական ուժը և խորհրդարանական մեծամասնությունը։
«Անկախ դիտորդ» դաշինք
«Ականատես» դիտորդական առաքելություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: