Այս տարվա հոկտեմբերի 18-30-ը Հայաստանում անցկացվելիք ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ (COP 17) համաժողովում հայ բնապահպանները պատրաստվում են ի թիվ այլ հարցերի բարձրաձայնել նաեւ ադրբեջանական զորքերի կողմից բռնազավթված Շիկահողի արգելոցի հարցը։ Հայտնի է, որ ադրբեջանցիները, բռնազավթելով Շիկահողի արգելոցի մի մասը, այնտեղ ծառահատումներ են իրականացնում։
Այն, որ ադրբեջանցիները Շիկահողի պետական արգելոցում ծառահատումներ են իրականացնում, «Առավոտ»-ին նախ հայտնել էր Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանը՝ ասելով․ «Մեծ քանակությամբ հատումներ են իրականացվում Շիկահող պետական արգելոցում։ Իրենք ինժեներական կառույցներ ու ճանապարհներ են կառուցում, ամրանում են, խրամատներ են փորում։ Այսինքն՝ մեծ վնասներ են հասցնում նաեւ մեր էկոհամակարգին»։
Հետաքննող լրագողները դեռեւս նախորդ տարի փաստեր էին հրապարակել, որ ադրբեջանցիները Շիկահողի արգելոցում 60 հա անտառ են հատել։
Ներքին Հանդ գյուղի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանը վերջերս «Առավոտ»-ին տեղեկացրել էր, որ իրենց գյուղում գյուղացիներն ամեն օր տեխնիկայի ձայն են լսում, թե ինչպես են ադրբեջանցիները հատում Շիկահողի անտառները։
«Առավոտ»-ը հարց էր ուղղել Նիկոլ Նիկոլ Փաշինյանին՝ ինչո՞ւ են ինքն ու իր թիմակիցները պարբերաբար կրկնում, թե իբր ՀՀ ենթակայության տակ կան «ադրբեջանական տարածքներ», բայց ոչ մի հայտարարություն չեն արել այն մասին, որ ադրբեջանցիները, 2022 թվականի սեպտեմբերյան ագրեսիայի հետեւանքով ներխուժելով ՀՀ տարածք, Շիկահողի պետական արգելոցի ծառերն են հատում։
Ի պատասխան Փաշինյանը ձեւացրել էր, թե տեղյակ չէ, որ ադրբեջանիցները հատում են Շիկահողի անտառները։ «Ես երբեք ծառերի հատման մասին տեղեկատվություն չեմ ստացել, եւ եթե նման տեղեկատվություն լինի, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում ծառեր են հատվում կամ էկոլոգիական աղետ է տեղի ունենում, բնականաբար, մենք դրան չենք կարող որեւէ ձեւով չարձագանքել»,- ասել էր նա։
Ֆիզիկոս, ֆիզմաթ գիտությունների թեկնածու Արամ Գաբրիելյանը «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց․ «Շիկահողի արգելոցի երկու մասերի միջեւ գտնվող հատվածը, որտեղով գետն է հոսում, արգելավայրի կարգավիճակ ունի։ Այնտեղ Սոսիների պուրակն է, այդ պուրակում գյուղեր կան, մասնավորապես Ներքին Հանդ գյուղն է։ Փաստորեն այսօր Ներքին Հանդի մի մասը զավթված է ադրբեջանցիների կողմից։ Ավելի քան մեկ տարի առաջ մենք զբաղվեցինք խնդրով, գյուղացիների շրջանում նույնիսկ ստորագրահավաք անցկացվեց, բայց հետո գյուղացիները հրաժարվեցին, հավանաբար իրենց վախեցրել էին, նույնիսկ մեզ խնդրեցին, որ այլեւս իրենց հետ այդ խնդրով չզբաղվենք»։ Արամ Գաբրիելյանը նշեց, որ ստորագրահավաքն անցկացնում էին, որպեսզի դիմեին իրավասու մարմին, տվյալ դեպքում՝ Շրջակա միջավայրի նախարարությանը։ Բայց գյուղացիները չցանկացան շարունակել գործընթացy։ «Մենք էլ դադարեցրինք գործընթացը, որովհետեւ կարծում ենք, որ ամեն ինչ պետք է անել մարդկանց համար»,- հավելեց նա։
Այն, որ ադրբեջանցիները ծառեր են հատել Շիկահողի արգելոցում, փաստ է։ «Զորքը մտել է արգելոց: Կարո՞ղ է պատահի մտել է՝ բնությունը պահպանելու։ Պարզ է, որ մտել են՝ նվաճելու, կտրելու համար»,- ասում է Գաբրիելյանը։
Նրա խոսքով՝ այս հարցում պետք է շատ օբյեկտիվ հասարակական կարծիք ձեւավորել, նաեւ հասարակությանը ցույց տալ ուղի, թե ինչ պետք է անել։ «Եթե այսօր կառավարությունը ստանձնել է արգելոցի պահպանության հարցը, ուրեմն կառավարությունն էլ պետք է դրանով զբաղվի։ Կառավարությունում կան գերատեսչություններ, որոնք պետք է զբաղվեն այդ հարցով, բայց իրենք չեն զբաղվում։ Ինչպես սառած են թողել մյուս հարցերը, այնպես էլ Շիկահողի արգելոցի հարցն են թողել։ Գուցե իրենք հետեւում են, բայց գործողություն չեն անում։ Գիտեք, ընդհանուր քաղաքական գիծ կա, այդ գծին են հետեւում, հավանաբար աշխատում են չբզբզալ, Շիկահողի արգելոցում ծառեր են հատում, իրենք «խաղաղություն» են բերում»,- հավելեց մեր զրուցակիցը։
Արամ Գաբրիելյանի խոսքով՝ COP 17-ը լավ առիթ է՝ այս հարցը բարձրաձայնելու որպես առանձին խնդիր։ Միայն այդ հարցը չէ, նրա խոսքով, շատ հարցեր կան։ COP 17-ով կարելի է հարցը սրել, բայց չպետք է սպասել, որ որոշումներ կլինեն։ «Հիմա, եթե հարց բարձրացնես, կասեն՝ սահմանների ճշգրտում է կատարվում, այսինքն՝ խնդիրը կցրեն։ Դրա համար, ես կարծում եմ, որ ավելի ճիշտ է օբյեկտիվ հասարակական հնչեղություն տալ հարցին։ Նույնիսկ կարելի է հարցը խորքային քննարկել՝ ինչո՞ւ այսպես ստացվեց, ինչո՞ւ հայ ժողովուրդը պետություն կազմակերպեց եւ այդ պետության ձեռքը կրակն ընկավ»,- նշեց Արամ Գաբրիելյանը։
Բնապահպան Ինգա Զարաֆյանը «Առավոտ»-ի հետ զրույցում ասաց․ «Անպայման ուզում ենք այդ հարցը դնել COP 17-ի օրակարգում, նույնիսկ եթե դա չլինի կառավարության օրակարգը, բայց գոնե քաղհասարակության պատրաստած օրակարգը պետք է լինի։ Մենք հիմա աշխատում ենք, դա պետք է լուրջ փաստաթուղթ լինի, որը դնելու ենք կառավարության սեղանին։ Բայց առանձին Շիկահողի հարցը չենք դնում, որովհետեւ մենք ունենք մի քանի շատ լուրջ հարցեր։ Հիմա մենք քաղհասարակության օրակարգ ենք պատրաստում, ինքը շատ չի տարբերվում կառավարության պատրաստած օրակագից, բայց ունենք մեր տեսակետներն ու մոտեցումները։ Օրակարգը դեռ վերջնական պատրաստ չէ, դեռ փաստեր ենք հավաքում։ Հավաքված փաստերի հիմքում Շիկահողի հարցը պետք է անպայման լինի։ Այսինքն՝ պետք է անպայման լինեն այն հարցերը, որոնք կարծես թե չկան կառավարության օրակարգում։ Խոսքը մի քանի հարցրերի մասին է՝ Շիկահողի արգելոցի, Ամուլսարի եւ Էմերալդ ցանցի հարցերը։ Օրակարգում է լինելու նաեւ կառավարության հաստատած Կենսաբազմազանության ազգային ռազմավարության եւ գործողությունների ծրագրի մոնիտորինգի հարցը, որովհետեւ քաղհասարակության ներկայացուցիչները գտնում են, որ իրենց դերակատարումն այստեղ շատ մեծ է»,- ասաց Ինգա Զարաֆյանը։
Ըստ Ինգա Զարաֆյանի՝ այն հարցրեը, որոնք քաղաքականության դաշտում են, քաղհասարակությունը պետք է շատ ճիշտ ձեւով դնի օրակարգում, որպեսզի մոնիպուլյացիայի չենթարկվեն էկոլոգիական հարցերն ու դրանց լուծման հնարավորությունները։ «Շատ անգամ էկոլոգիական խնդիրներն առնչվում են նաեւ քաղաքական խնդիրների հետ, եւ մենք գիտենք, որ մեր հարեւան երկիրն ամեն ձեւով դա օգտագործում է։ Այդ հարցն օգտագործել է նաեւ, երբ Լաչինի միջանցքը փակեցին իբր «բնապահպանները», որոնք իրականում բնապահմաններ չէին, այլ քաղաքական էլիտային սպասարկող մի խումբ մարդիկ»,- ասաց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: