Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անվտանգության աշխատակիցները Վաշինգտոնում բռնի ուժով ցրել են Ալիևի ռեժիմի դեմ ադրբեջանական բողոքի ցույցը։
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը (ANCA) ԱՄՆ Արդարադատության նախարարությանը և տեղական իրավապահ մարմիններին կոչ է անում քրեական պատասխանատվության ենթարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անվտանգության ծառայության այն անդամներին, խաղաղ ցուցարարների վրա որոնց հարձակում գործելը տեսագրությամբ արձանագրվել է Վաշինգտոնում՝ նախագահ Թրամփի «Խաղաղության խորհրդի» անդրանիկ գագաթնաժողովի անցկացման վայրի մոտ։
Ցուցարարները հավաքվել էին բողոքելու Ալիևի բռնապետական կառավարման և քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ դաժան ճնշումների դեմ։ Հարձակումը հիշեցնում է 2017թ. Շերիդան Սըրքլի միջադեպը, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը իր անվտանգության աշխատակիցներին կարգադրել էր հարձակում գործել քուրդ և հայ ցուցարարների վրա Վաշինգտոնում՝ Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ։
Ե՛վ Ադրբեջանը, և՛ Հայաստանը «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամներ են, իսկ Ալիևն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա էին հինգշաբթի օրը՝ փետրվարի 19-ին կայացած անդրանիկ նիստին։ Հենց այդ գագաթնաժողովի տարածքից դուրս էլ Ալիևի անվտանգության ծառայությունը հարձակում է գործել ցուցարարների վրա։
«Ալիևի թիկնապահների կողմից Վաշինգտոնի փողոցներում ցուցարարներին ծեծելը Շերիդան Սըրքլ 2.0-ն է՝ նավթային բռնապետի բաշիբոզուկները հարձակվում են ամերիկացիների վրա՝ ԱՄՆ տարածքում։
Ալիևը էթնիկ զտումներ իրականացրեց Արցախում, զենքի սպառնալիքով 150,000 բնիկ հայերին արտաքսեց իրենց հայրենիքից և այսօր էլ հայ գերիներին պահում է որպես քաղաքական պատանդներ։ Այսօր նա այդ նույն բռնությունը բերեց մեր փողոցներ։ ANCA-ն վաղուց է կոչ անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ հենց այս պատճառով. բռնապետերը, որոնք հետևանքների չեն բախվում, անխուսափելիորեն իրենց բռնությունը արտահանում են ամենուր, որտեղ գնում են», – նշել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։
Արձագանքներ Շերիդան Սըրքլի միջադեպին
Երբ Էրդողանի անվտանգության ծառայությունը 2017թ. Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտ հարձակվեց քուրդ և հայ ցուցարարների վրա, այդ հարձակումը լայնորեն դատապարտվեց և հանգեցրեց Ներկայացուցիչների պալատում միաձայն՝ 397-0 քվեարկությամբ ընդունված H.Res.354 բանաձևին, որը ներկայացվել էր Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի (Հանրապետական, Կալիֆոռնիա) և բարձրաստիճան դեմոկրատ Էլիոթ Էնգելի (Նյու Յորք) կողմից՝ դատապարտելով բռնությունը և կոչ անելով մեղավորներին մեղադրանք առաջադրել ու դատել ԱՄՆ օրենքներով։
ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, որն անձամբ ականատես էր եղել Շերիդան Սըրքլի վրա հարձակում գործելուն և այն ուղիղ հեռարձակել էր սոցիալական ցանցերում, հետագայում ցուցմունք էր տվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում՝ կոչ անելով խիստ արձագանք տալ։ Ի վերջո դատարանը մեղադրանք առաջադրեց Թուրքիայի անվտանգության 19 պաշտոնյայի՝ բռնի հանցագործություն կազմակերպելու դավադրության համար։
Սակայն 2018թ. մարտին Արդարադատության նախարարությունը դադարեցրեց մեղադրանքները 15 ամբաստանյալներից 11-ի նկատմամբ՝ ընդամենը օրեր առաջ այն բանից, երբ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Անկարայում պետք է բարձր մակարդակի հանդիպումներ ունենար Էրդողանի հետ։
Կոնգրեսականների դատապարտումը
Կոնգրեսի անդամները արագ արձագանքեցին։ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը (Դեմոկրատ, Նյու Ջերսի) վերահրապարակեց ANCA-ի հարձակման տեսանյութը՝ գրելով. «Արյունոտ բռնապետերը, ինչպիսին Ալիևն է, տեղ չունեն Վաշինգտոնում մեծարանքի արժանանալու, և նրանք իրավունք չունեն վարձկան խուժանին ուղարկելու՝ հարձակվելու մեր մայրաքաղաքի փողոցներում բողոքի ցույց անող մարդկանց վրա։ Ես կոչ եմ անում ապահովել, որ այս հանցագործները չկարողանան փախչել և անմիջապես կանգնեն արդարադատության առաջ»։
Կոնգրեսական Լաուրա Ֆրիդմանը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) նույնպես դատապարտել է հարձակումը․ «Թրամփը Ադրբեջանին դարձրեց իր այսպես կոչված «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ, բայց այս տեսանյութը ցույց է տալիս ամեն ինչ, բացի խաղաղությունից։ Մենք չենք կարող թույլ տալ, որ Ադրբեջանը անպատիժ կերպով ԱՄՆ տարածք ներմուծի իր հարձակումները ցուցարարների և խոսքի ազատության դեմ։ Այս հարձակման պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն»։
Անպատժելիության օրինաչափություն
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ընդամենը անցյալ շաբաթ այցելել էր Ադրբեջան, որտեղ ԱՄՆ-ն հայտարարեց Բաքվի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրի և Ադրբեջանի էներգետիկ ու անվտանգության ոլորտներում նոր ներդրումների մասին։ Վենսի այցին հաջորդած օրերին Ադրբեջանը ցմահ ազատազրկման դատապարտեց Ռուբեն Վարդանյանին՝ Լեռնային Ղարաբաղի նախկին պետական նախարարին՝ նախորդաբար դատապարտելով ևս 15 հայ պատանդների։ Մյունխենի անվտանգության համաժողովում Ալիևը հայտարարել էր, որ ոչ մեկին չի ներում հայ կալանավորներից։
Տասնամյակներ շարունակ հաջորդական վարչակազմերը խրախուսել են Ադրբեջանի ավտորիտարիզմը՝ շրջանցելով FREEDOM Support Act-ի 907-րդ հոդվածը՝ տրամադրելով ռազմական օգնություն և էներգետիկ ներդրումներ, միաժամանակ հրաժարվելով Բաքվին պատասխանատվության ենթարկել երկրի ներսում աճող ճնշումների, Արցախում իրականացված ռազմական հանցագործությունների և Լեռնային Ղարաբաղի բնիկ հայ քրիստոնյա բնակչության ցեղասպանական էթնիկ զտումների համար։ Հաշտեցման ու անպատժելիության այդ ցիկլը այժմ հասել է Վաշինգտոնի փողոցներ։
ANCA-ն պահանջում է Կոնգրեսի գործողություններ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների հարցում
ANCA-ն կոչ է անում Կոնգրեսի անդամներին դատապարտել այսօրվա հարձակումը և պահանջել Արդարադատության նախարարությունից անհապաղ քննություն և Ալիևի անվտանգության ծառայության անդամների դատական հետապնդում օրենքի ամբողջ խստությամբ։ ANCA-ն նաև կոչ է անում Կոնգրեսին առաջ մղել երկու կարևոր օրինագիծ։ 2025թ. Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցների վերանայման ակտը (H.R.5369), որը ներկայացրել են Դինա Թայթուսը (Դեմոկրատ, Նևադա) և Գաս Բիլիրակիսը (Հանրապետական, Ֆլորիդա), կպահանջի Թրամփ-Վենս վարչակազմից վերանայել «Գլոբալ Մագնիցկու մարդու իրավունքների պատասխանատվության ակտի» պատժամիջոցների կիրառելիությունը Ադրբեջանի այն պաշտոնյաների նկատմամբ, որոնք պատասխանատու են ռազմական հանցագործությունների, մարդու իրավունքների խախտումների և հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների ապօրինի շարունակական պահման համար։
«ԱՐՄԵՆԻԱ» անվտանգության գործընկերության ակտը (H.R.6840), որը ներկայացրել են Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահներ Գաս Բիլիրակիսը և Ֆրենկ Պալոնը, կսահմանափակի նախագահի իրավունքը շրջանցելու ԱՄՆ ռազմական օգնության նկատմամբ 907-րդ հոդվածի սահմանափակումները Ադրբեջանի նկատմամբ, եթե Ալիևի վարչակարգը կոնկրետ քայլեր չձեռնարկի Հայաստանի հետ կայուն խաղաղության ուղղությամբ։
Լուսանկարում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անվտանգության ծառայության աշխատակիցները հարձակվում են խաղաղ ցուցարարի վրա Վաշինգտոնում՝ նախագահ Թրամփի «Խաղաղության խորհրդի» անդրանիկ գագաթնաժողովի անցկացման վայրի մոտ, 2026թ. փետրվարի 19-ին։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: