Արմենուհի Կյուրեղյան. «Իշխանությունը վախենում է, որ ազգային ուժերն ի վերջո կհամախմբվեն, եւ դա այդպես էլ լինելու է, եւ իրենք այն աթոռները, որոնց վրա այսօր նստած են, չեն ունենալու»

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ՀՅԴ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը «Հայելի» ակումբում հայտարարեց. «ՔՊ-ն եւ Նիկոլ Փաշինյանը իրենց վախն այլեւս չեն կարողանում պահել, իրենց թիմն արդեն չի կարողանում այդ վախերը կոծկել։ Իսկ ի՞նչ վախերի մասին է խոսքը։ Նրանք շատ լավ հասկանում են, որ այլեւս վերընտրվելու շանսեր չունեն։ Նրանք շատ լավ ուսումնասիրել են ժողովրդի տրամադրությունները, շատ լավ հետազոտսություններ են անցկացրել եւ այդ հետազոտությունների պատասխաններն ու արդյունքները իրենց վախերի մեջ են մտցրել։

Նրանք վախենում են, որ այլեւս չեն վերընտրվելու։ Բայց ամենից շատ իրենց վախն այն պատիժն է, որի առաջ պիտի կանգնեն, քանի որ չեն վերընտրվել, իսկ դրանից առաջ չեն կատարել թուրք-ադրբեջանական տանդեմին տված բոլոր խոստումները։ Իսկ այդ խոստումները չկատարելը ենթադրում է բավականին լուրջ պատիժներ։ Այո, իրենք շատ լավ գիտեն, թե ինչ են խոստացել, ինչի դիմաց եւ ինչ պատժի առաջ են կանգնելու խոստումները չկատարելու համար։ Եվ այդ վախերի դրսեւորման արդյունքում իրենք այսօր հարձակվում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա, նրանք հարձակվում են ազգային ուժերի վրա, անհատների վրա, որոնք ի վիճակի են որեւէ կերպ համախմբել ժողովրդին եւ պայքարել իրենց վերընտրության դեմ։

Նրանք չեն դադարում հարձակվել այն ուժերի վրա, որոնք հայտարարում են իրենց մասնակցությունն ընտրություններին եւ հստակ հայտարարում են, որ պայքարելու են օրվա իշխանություններին հեռացնելու համար։ Նրանք վախենում են, որ ազգային ուժերը ի վերջո պետք է համախմբվեն, եւ դա այդպես էլ լինելու է, եւ իրենք այն աթոռները, որոնց վրա այսօր նստած են, չեն ունենալու։ Իսկ աթոռից զրկվելուց անմիջապես հետո նրանք, բնականաբար, պատժի առաջ են կանգնելու։

Եթե խոսում ենք այսօրվա բռնաճնշումների մասին, կրակոցների մասին, տեսնում ենք, որ այսօր հնարավորինս ավելանում է նման հանցագործությունների, գործողությունների թիվը։ Ինչո՞ւ, որովհետեւ ոստիկանությունն այսօր զբաղված է միայն ՔՊ-ին, Նիկոլին ու նրա ընտանիքի անդամներին պաշտպանելով։ Ոստիկանությունն այլ գործ չունի, քան հարյուրներով ու հազարներով ուղեկցի որեւէ ՔՊ-ականի, ուղեկցի Նիկոլ Փաշինյանին, նրա ընտանիքի անդամներին; Եվ, իհարկե, ժամանակ չունի հանրապետության, Երեւանի փողոցներում հետեւելու կարգ ու կանոնին։ Իսկ ոստիկանության թիվն օրեցօր ավելանում է, եւ արդյունքում ոստիկանության, պարեկների թվի ավելացումը դառնում է ուղիղ համեմատական այն քրեական հանցագործություններին, որ կատարվում են այսօր մեր երկրում ամեն օր»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment