Մարդկային պահը և անհիմն տեղեկատվական աղմուկը
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պետական այցի ընթացքում Հունաստանի նախագահական պալատում արձանագրված դրվագը, ըստ էության, տեխնիկական բնույթի էր, բայց դրա բովանդակությանը կարելի է մոտենալ մարդկային տեսանկյունից։ Իրավիճակը, բնականաբար, լիովին հաճելի չէր, ցանկացած պաշտոնյայի համար նման պահը կարող է անհարմար թվալ։ Սակայն կարևոր է մեկ հանգամանք՝ այդ խոսքում չկար ո՛չ վիրավորանք, ո՛չ դիվանագիտական կոպտություն։ Ընդհակառակը՝ այն պարունակում էր հումորային երանգ։ Նման դեպքերը բացառություն չեն միջազգային պրակտիկայում։ Շատ երկրների առաջնորդներ տարիների ընթացքում հայտնվել են նման իրավիճակներում՝ կարծելով, թե ձայնը չի հեռարձակվում, մինչդեռ այն լսելի է եղել դահլիճում կամ մեդիայի համար։
Այս դրվագը կարելի էր գնահատել որպես կարճատև անհարմար պահ և շարունակել խոսել այցի բովանդակության մասին՝ հայ-հունական հարաբերությունների, տնտեսական գործակցության, տարածաշրջանային օրակարգի շուրջ քննարկումների մասին։ Փոխարենը, որոշ լրատվական շրջանակներ կենտրոնացան հենց այդ վայրկյանների վրա՝ անտեսելով ընդհանուր քաղաքական համատեքստը և ստեղծելով ավելորդ աղմուկ։ Դիվանագիտությունը նաև մարդկային շփում է, հումոր, կենդանի խոսք։ Նման դրվագների նկատմամբ չափից դուրս սենսացիոն մոտեցումը կարող է աղավաղել հանրության պատկերացումները և շեղել ուշադրությունը իրական քաղաքական նշանակությունից։ Հասուն հանրային ընկալումը ենթադրում է կարողություն՝ իրադարձությունները դիտարկել ամբողջական համատեքստում։
Պետական մակարդակի շփումներում երբեմն լինում են մարդկային, նույնիսկ հումորային պահեր, և դրանք ինքնին չեն արժեզրկում այցի քաղաքական նշանակությունը։ Ավելի կարևոր է հասկանալ՝ ինչ քննարկումներ են կայացել, ինչ ուղերձներ են փոխանցվել և ինչ հեռանկարներ են բացվում երկկողմ հարաբերությունների համար։