«Ինչո՞վ եք տարբերվում թուրքից»,- հարցն այսօր «18 արդարների գործով» նիստում, դատարանի դահլիճից դատախազներին ուղղեց Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը։
«18 արդարների գործով» նիստում այսօր դատախազը միջնորդեց Բագրատ Գալստանյանի խափանման միջոց կալանքը երկարացնել։
Տիկին Լիդային միացան դատարանի դահլիճում ներկաները՝ բղավելով՝ «ազատություն քաղբանտարկյալներին»։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը դատական կարգադրիչներին հանձնարարեց՝ ովքեր չեն ենթարկվում իրենց պահանջին եւ չեն հանդարտվում, դուրս հրավիրել դահլիճից։
Միջամտեց Բագրատ սրբազանը․ «Ամբողջ խոնարհումով շնորհակալություն եմ հայտնում, տիկին Լիդա, բայց խնդրում եմ՝ խաղաղ մնաք։ Ամեն ինչի ժամանակը գալու է, ամենքը պատասխան են տալու։ Ձեր ձեռքերը համբուրելով եմ ասում՝ խաղաղ մնացեք»։
Բագրատ սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը, դիմելով հանրային մեղադրողներին, ասաց՝ քանի որ այս գործն իր ողջ էությամբ քաղաքական է, ուստի, իրավական առումով իրենք հնարավորություն ունեն դերակատարում ունենալ իր վստահորդի իրավունքների պաշտպանության գործում եւ առհասարակ, կարող են «սեղմել արգելակը՝ դատական համակարգի այս աստիճան գահավիժման»։
Պաշտպանը հիշեցրեց, որ մինչ օրս եւ որեւէ դատական ատյանում, պաշտպանական կողմը չի ստացել մեղադրանքին առնչվող իրենց բազմաթիվ հարցերի պատասխանները։ Պաշտպանական կողմի գնահատմամբ՝ ապօրինի ապացույցներով քրեական վարույթ է հարուցվել, իսկ դատարանը դրան տուրք տալով՝ շարունակում է կալանքի տակ պահել մարդկանց։
Մանրամասները՝ տեսանյութում.
Ի դեպ, այսօրվա նիստին մեղադրյալներից երկուսին 10-15 րոպե ուշ էին ներկայացրել դատական նիստին՝ խցանումների եւ ավտովթարների պատճառով:
Այս գործով 5 անձ տնային կալանքի տակ են գտնվում, եւս երկու անձ՝ Բագրատ Գալստանյանը եւ Վահագն Չախալյանը, գտնվում են կալանքի տակ։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: