Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է ներդրումային ոլորտի հիմնարար վերափոխում, որի նպատակն է գործարարներին պաշտպանել օրենսդրական կտրուկ փոփոխություններից և բարձրացնել երկրի վստահելիությունը միջազգային ներդրողների աչքերում։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության փետրվարի 19-ի նիստին։
Բարեփոխման կետերից մեկը «հնգամյա կայունության երաշխիքն» է։ Եթե ներդրում կատարելուց հետո պետությունը փոխի օրենքները, գործարարը կկարողանա ևս 5 տարի աշխատել իր համար նախկին՝ ավելի շահավետ պայմաններով։ Սա ներդրողին ապահովագրում է անկանխատեսելի իրավական փոփոխություններից և հնարավոր վնասներից։
Նախագիծը նաև հստակեցնում է սեփականության պաշտպանության հարցը։ Պետական կարիքների համար գույքի օտարման դեպքում ներդրողին երաշխավորվում է շուկայական արժեքին համապատասխան արդար և արագ փոխհատուցում։ Բացի այդ, ներդրվում է «անհատական մոտեցման» սկզբունքը. պետությունը կարող է խոշոր ներդրողների հետ կնքել հատուկ պայմանագրեր՝ սահմանելով հենց տվյալ բիզնեսի համար նախատեսված արտոնություններ։
Տեղական ներդրողների համար օրենքը կգործի փուլերով. 500 մլն դրամը գերազանցող ծրագրերի դեպքում այն ուժի մեջ կմտնի անմիջապես, իսկ ավելի փոքր ներդրումների վրա ամբողջությամբ կտարածվի մինչև 2030-ը։
The post Պետությունը ներդրողներին թույլ կտա օրենքների փոփոխման դեպքում 5 տարի աշխատել հին կանոններով appeared first on CIVILNET.