ԱՄՆ զինվորականները պատրաստ են հարվածել Իրանին արդեն այս հանգստյան օրերին, թեև նախագահ Դոնալդ Թրամփը դեռ վերջնական որոշում չի կայացրել՝ արդյոք թույլատրելու է նման գործողությունները. հայտնում է CNN-ը հղում անելով իր աղբյուրներին:
Սպիտակ տանը տեղեկացրել են, որ զինվորականները կարող են հարձակվել առաջիկա հանգստյան օրերին, ասել են աղբյուրները: Սակայն աղբյուրներից մեկը զգուշացրել է, որ Թրամփը առանձնազրույցներում փաստարկներ է ներկայացրել ինչպես ռազմական գործողությունների օգտին, այնպես էլ դրանց դեմ, և հարցումներ է անցկացրել խորհրդականների ու դաշնակիցների շրջանում՝ պարզելու լավագույն գործողությունների տարբերակը:
Վարչակազմի ազգային անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաները չորեքշաբթի հանդիպել են Սպիտակ տան օպերատիվ խորհրդակցությունների սենյակում՝ քննարկելու Իրանում տիրող իրավիճակը, հայտնել է հանդիպմանը ծանոթ անձը: Չորեքշաբթի Թրամփին զեկուցել են նաև հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, նախորդ օրը Իրանի հետ ունեցած իրենց անուղղակի բանակցությունների մասին: Պարզ չէր՝ արդյոք Թրամփը որոշում կկայացնի մինչև հանգստյան օրերը:
«Նա շատ ժամանակ է հատկացնում սրա շուրջ մտորումներին», – ասել է աղբյուրներից մեկը:
Մինչև հանգստյան օրերը հարվածելու ԱՄՆ-ի պատրաստակամության մասին առաջինը հայտնել էր CBS News-ը:
Իրանցի և ամերիկացի բանակցողները երեքուկես ժամ շարունակ գրառումներ են փոխանակել երեքշաբթի Ժնևում կայացած անուղղակի բանակցությունների ժամանակ, թեև հեռացել են առանց հստակ հանգուցալուծման: Իրանի գլխավոր բանակցողն ասել է, որ երկու կողմերն էլ համաձայնության են եկել «ուղենիշային սկզբունքների շուրջ», թեև ամերիկացի պաշտոնյան նշել է, որ «դեռևս շատ մանրամասներ կան քննարկելու»:
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քարոլայն Լևիթը չորեքշաբթի ասել է, որ ակնկալվում է, որ Իրանն «առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում» ավելի շատ մանրամասներ կտրամադրի իր բանակցային դիրքորոշման վերաբերյալ, սակայն նա չի ասել՝ արդյոք Թրամփը ձեռնպահ կմնա ռազմական գործողություններից այդ ժամանակահատվածում: Ակնկալվում է, որ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն փետրվարի 28-ին կմեկնի Իսրայել՝ հանդիպելու վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ և նրան տեղեկացնելու Իրանի հետ բանակցությունների ընթացքի մասին, չորեքշաբթի CNN-ին հայտնել է Պետդեպարտամենտի պաշտոնյան:
«Ես չեմ պատրաստվում վերջնաժամկետներ սահմանել Միացյալ Նահանգների նախագահի անունից», – ասել է Լևիթը:
The post ԱՄՆ-ն պատրաստ է հարվածել Իրանին այս շաբաթ․ CNN appeared first on CIVILNET.