Ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանն ավարտում է կարիերան Հայաստանի ազգային հավաքականում

Շարունակելու եմ աջակցել հավաքականին արդեն նոր՝ երկրպագուի կարգավիճակով, ասել է  ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը


ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանն ավարտում է կարիերան ազգային ընտրանու կազմում: Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։


«Սիրելի՛ երկրպագուներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ որոշել եմ ավարտել իմ կարիերան Հայաստանի ազգային հավաքականում։ Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է եղել տարիներ շարունակ Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը կրելը և մեր երկրի գույները պաշտպանելը»,-Facebook-ի իր էջում հայտնել է նա։


Նա շնորհակալություն է հայտնել ազգային հավաքականում իրեն մարզած բոլոր մարզիչներին, թիմակիցներին, հավաքականի բժշկական և ադմինիստրատիվ անձնակազմին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի բոլոր աշխատակիցներին և հավատարիմ երկրպագուներին, ովքեր միշտ եղել են իրենց կողքին՝ թե՛ հաղթանակների, թե՛ պարտությունների ժամանակ։


«Ես շարունակելու եմ աջակցել հավաքականին արդեն նոր՝ երկրպագուի կարգավիճակով։ Մաղթում եմ մեր ազգային հավաքականին հաղթանակներ և մեծ ձեռքբերումներ», -նշել է ֆուտբոլիստը:


 


Leave a comment