Կասեցվել է հայտնի կաթնամթերքի թթվասերի արտադրությունը․ ՍԱՏՄ

Այն համարվել է վտանգավոր սննդամթերք


ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի․/Նովոստի-Արմենիա/․ «Արզնի կաթնամթերք»-ի թթվասերի արտադրությունը կասեցվել է։ Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։


Ինչպես հայտնում է տեսչական մարմինը, Երևանի կենտրոնի տեսուչները «Արզնի կաթնամթերք» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում իրականացվող ստուգման ընթացքում նմուշառում են կատարել «Սեմյոնիչ» ապրանքանիշի «կաթ պարունակող մթերք, կաթնայուղի փոխարինիչով, պատրաստված թթվասերի տեխնոլոգիայով 20%» արտադրատեսակից և հանձնել լաբորատոր փորձաքննության:


Հետազոտության արդյունքում պարզվել է, որ նշված արտադրատեսակը կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշով չի համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին և համարվում է վտանգավոր սննդամթերք։


Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ «Արզնի կաթնամթերք»-ին պատկանող արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը՝ «Սեմյոնիչ» ապրանքանիշի «կաթ պարունակող մթերք, կաթնայուղի փոխարինիչով, պատրաստված թթվասերի տեխնոլոգիայով 20%» արտադրատեսակի արտադրությունը, կասեցվել է:


Տնտեսավարողին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ նշված արտադրատեսակը օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու համար:


Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:


Leave a comment