Բուժհիմնարկներում դժգոհում են. վիրաբույժների եւ անեսթեզիոլոգների աշխատավարձերը կրկնակի նվազել են

Նախարար Անահիտ Ավանեսյանը խոսում էր աշխատավարձերի բարձրացման մասին։ Հիմա նրա ուղիղ հրամանով կրճատվում են բժիշկների աշխատավարձերը․ անեսթեզիոլոգները կվարձատրվեն կրկնակի պակաս, քան վաստակում էին առաջ։

Որպեսզի հնարավոր լինի մարդուն վիրահատության ենթարկել, անհրաժեշտ են մասնագիտական խորը, բարդ գիտելիքներ՝ ապրող մարդու կյանքը վիրահատության ընթացքում պահպանելու համար։ Ու որպեսզի հնարավոր լինի մարդուն վիրահատել, անհրաժեշտ է այնպիսի մեկը, ով կարող է հատուկ գործիքներով ու գիտելիքներով զինված բացել, փակել, բուժել մարդու մարմինը։

Այս մարդկանց՝ վիրաբույժի ու անեսթեզիոլոգի գործը ֆիզիկական ու մտավոր ուժերի լարում պահանջող աշխատանք է։ Նրանց արժանապատիվ վարձատրությունը Հայաստանում գտնվում է լուրջ սպառնալիքի ներքո։

Ես հիվանդանոցից դուրս եմ եկել տարիներ առաջ՝ կիսատ թողնելով մասնագիտական ուսումս։ Ես այն առավելությունները չունեմ, ինչ որ իրենց քրտինքով վաստակել են սովորած, աշխատող բժիշկները։ Ես ինձ համար բարձր աշխատավարձ չեմ պահանջում, բայց այսօր ականատես եմ բժիշկների հանդեպ համակարգային անարդարության։ Ընտանիք ու հիփոթեքային վարկեր ունեցող բժիշկների համար հենց հիմա՝ ներկա ժամանակում, դանակը հասնում է ոսկորին։

Ի՞նչ է կատարվում
Այստեղ կարևոր է, որ աշխատավարձերի հաշվարկման վերջին փոփոխությունները արվում են առողջապահության ապահովագրության ծրագրից զատ՝ նախարարի առանձին հրամանով։

Ինչպես գիտենք, Հայաստանում առողջության պետական ապահովագրության գործարկումը ԵՄ հետ բանակցություններում վիզաների ազատականացման համար նախապայմանների շարքից է։ Չնայած որ աշխատավարձերի նվազեցման որոշումը արդարացնում են ապահովագրության ծրագրերի որոշ հետևանքներով, սակայն այս նվազեցումը կատարվում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ուղղակի հրամանով՝ «բժշկական անձնակազմի աշխատանքի վարձատրության կարգը սահմանելու մասին»։

Աշխատավարձերի կրճատումը ո՛չ պարտադիր, ո՛չ էլ ոչ պարտադիր պայման չէ ապահովագրության համակարգի գործունեության համար, որի կարիքը հատկապես տարեցները իսկապես ունեն։

Սակայն պետական ապահովագրության մեկնարկին զուգահեռ, այլ որոշումների թվում, նախարար Ավանեսյանը բուժհաստատություններին ուղարկում է գրավոր հրաման, որում պահանջում է գործող կարգի համեմատ նվազեցնել վարձատրությունը բժշկական մի շարք մասնագիտությունների դեպքում, որոշ մասնագետների վարձատրությունը իջեցնելով 3 ու ավելի անգամ։ Սա նախարարի առաջին հրամանն էր։ Առաջին վարձատրության աբսուրդից ու դժգոհություններից հետո նախարարը նոր հրաման է արձակում։

Փորձ է արվում հրամանը ներկայացնել որպես առաջարկ, որպես հուշում կամ որպես տարբերակ, մեղմացնել հրամանի քաղաքական կշիռը հանրության աչքում, սակայն հրամանը քաղաքական ուժ ունի։ Նախարարի հրամանը հրաման է։

Հրամանի արձակումից հետո, առաջարկելով բժիշկների վարձատրության բացերը լուծել բուժհիմնարկների տնօրենների հետ, նախարարությունը պատասխանատվությունը գցում է տնօրենների վրա, կանխամտածված մեղադրանքով, թե տարբերակներ չգտնելու դեպքում մեղքը տնօրեններին է։

Նոր հրամանով մասնակի մեղմվել է վիրաբույժների վարձատրության կրճատումը։ Ի՞նչ է հայտնի վիրահատության ընթացքը ապահովող անեսթեզիոլոգների վարձատրության մասին։

Ռիսկերն ու սպառնալիքները

Որևէ կենսաբանական համակարգում աղբյուրների կրկնակի, այսինքն 50%-ով կրճատումը կաթված է նշանակում համակարգի համար։ Իրական ժամանակում մենք հետևում ենք մի քաղաքականության, որ սպառնում է համակարգային կաթվածի ենթարկել բժշկական ծառայությունների վիրաբուժական ոլորտը։

Կրճատելով բժիշկների վարձատրությունը երկու և ավելի անգամ՝ նախարարությունը քրոնիկ սթրես է ներմուծում բժիշկների արդեն իսկ մտավոր ու ֆիզիկապես լարված աշխատանքում։  Սահմանելով վարձատրության ավելի ցածր մակարդակ՝ նախարարությունը խախտում է բժշկի վստահությունը, հուշելով, որ նրա մատուցած ծառայությունը արժեք

չունի։ Նախարարությունը համակարգային սխալ է գործում՝ վտանգի ենթարկելով բժիշկների կեցությունը։ Բժիշկների ֆինանսական ապահովությունը առողջապահության անվտանգության երաշխիքներից է։

Վարձատրության կրկնակիից ավելի կրճատումը տնտեսական, բյուջետային փոփոխություն չէ։ Վարձատրության կրկնակի նվազեցումը քաղաքական բարձր հայտարարություն է՝ քո աշխատանքը մեզ համար արժեք չունի։

Առաջարկելով ավելի ծանրաբեռնված աշխատել ավելի բարձր վարձատրվելու համար՝ նախարարությունը ավելացնում է համակարգային ռիսկերը մարդկանց կյանքի համար պատասխանատու օղակում։

Նախարարությունն այս որոշումով քաղաքականության ուղեղային մահ է ախտորոշում։ Բժիշկների ֆինանսական ապահովության ճգնաժամը տնտեսական որոշում չէ։ Քաղաքական որոշումներ կայացնողները գրավադրում են ազգի առողջությունը։

Ուր գնալ

Շատ բժիշկներ պատերազմի ժամանակ ոչինչ չեն խնայել Հայաստանի ու նրա վիրավորների փրկության համար։

Եթե նախարարությունը շարունակի գլխավերևում տանիք ունենալը դիտել որպես շռայլություն բժիշկների կյանքում, Հայաստանից արնահոսելու է նրա բժշկական տաղանդը, պետական հիվանդանոցներում աշխատանքը շարունակելու են միայն նորավարտ, աղքատ, ուժասպառ կամ անփորձ բժիշկներ, առողջապահությունը դառնալու է միայն ունևորներին հասանելի արտոնություն, քայքայվելու է հանրային առողջությունը։

Հիմա նախարարությունը պարտավոր է գրիչը դնել սեղանին և բժիշկների հետ նստել սեղանի շուրջ։ Ոչ թե բուժհիմնարկների բյուջեում վարձատրության լուծումներ «գտնելու» կամ տնօրենների ու բժիշկների միջև «միջնորդ» լինելու համար, այլ վերահաստատելու, որ բժիշկների կենսական ապահովությունը սակարկության ենթակա չէ՛։ Հակառակ դեպքում անհատ բժիշկները չեն կարող կրել առողջապահության համակարգային սխալների պատասխանատվությունը։

Նարեկ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

ԵՊԲՀ շրջանավարտ

անեսթեզիոլոգիայի նախկին ուսանող

Աղյուսակները՝ հեղինակի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment