Հրադադարի մեխանիզմը գրեթե համաձայնեցված է, բայց քաղաքական հարցերում «առաջընթաց չի եղել». Զելենսկի

Քաղաքականություն

18.02.2026 | 17:53

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լրագրողներին ասել է, որ Ժնևում եռակողմ բանակցություններից հետո կողմերը գործնականում համաձայնության են եկել հրադադարի տեխնիկական ասպեկտների շուրջ, սակայն դա պահանջում է քաղաքական որոշումներ, որոնք դեռևս չեն կայացվել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Զելենսկին բացատրել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների մասնակցությամբ բանակցությունները կենտրոնացել են երկու հիմնական ուղղություններով՝ քաղաքական և ռազմական։

«Երեք կողմերն էլ կառուցողական էին իրենց ռազմական ջանքերում: Ըստ էության, զինվորականները հասկանում են՝ ինչպես վերահսկել հրադադարը և դադարեցնել պատերազմը, եթե կա քաղաքական կամք։ Նրանք հիմնականում համաձայնության են եկել գրեթե ամեն ինչի շուրջ»,- ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը հավելել է, որ հրադադարի մոնիթորինգն «անպայման կներառի ամերիկյան կողմի մասնակցությունը»։

Զելենսկին ասել է, որ քաղաքական բաղադրիչը ներառում է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ամենավիճելի հարցերը, այդ թվում՝ Դոնբասի ճակատագիրը (Ռուսաստանը պնդում է ուկրաինական զորքերի դուրսբերման հարցում) և Զապորոժեի ատոմակայանը (ներկայում օկուպացված է ռուսների կողմից)։

«Մենք տեսնում ենք, որ կան մշակումներ։ Դիրքորոշումները դեռևս տարբերվում են, քանի որ բանակցությունները դժվար էին։ Ես լսել եմ ռազմական ուղղությամբ առաջընթացի մասին։ Քաղաքական ուղղությամբ երկխոսություն է եղել, մենք համաձայնվել ենք առաջ շարժվել, մենք համաձայնվել ենք շարունակել։ Ես այնտեղ նույն առաջընթացը չեմ լսել, ինչ ռազմական ճակատում»,- հայտարարել է Զելենսկին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment