Շրվենանցի Սուրբ Սարգիս եկեղեցին

Գյուղը գտնվում է Կապան քաղաքից մոտ 7 կմ հյուսիս, այգեվետ ու անտառապատ տարածքում, լեռնալանջին։

Գյուղի հին անունը հայտնի չէ։

Շրվենանց անվանմանը և դրա ծագման վերաբերյալ հիմնավորմանն առաջին անգամ հանդիպում ենք Ամենայն հայոց կաթողիկոս Աբրահամ Կրետացու պատմության մեջ (Պատմագրութիւն ացիցն իւրոց և Նատր Շահին պարսից), ով 1736-ին Մուղան էր մեկնում ՝ Թահմազ Ղուլիին (ապագա Նադիր շահին) թագադրելու արարողությանը մասնակցելու համար։

Պատմության մեջ նշվում է. «Եվ ապա ելեալ ի վանուց (Տաթևի վանք) անցանելով Տանձաւեր գիղւս, հասանք ի գիղւն Իրիցվանիկ։ Եվ ապա Բարկուշատով եկինք ի գիղւն գիլմեշէ, որ է Մելիք Շրվենի գիղւն»։

Մինչդեռ գյուղի տարածքում և մերձակայքում պահպանվել են եկեղեցիների ավերակներ (օրինակ, Վանք «Պողոսի»), գյուղատեղիներ (օրինակ՝ Քոհնաշեն, Վրդոտ)։

Գյուղում է Սուրբ Սարգիս եկեղեցին՝ խոնարհված վիճակում, որը փոքրիկ ուղղանկյուն կառույց է, թաղակապ շինություն՝ վերանորոգման ժամանակ կից կառուցված մի սենյակով։

1970-ականներին գյուղ այցելած հուշարձանագետ Սուրեն Սարումյանի կողմից եկեղեցու ներսում՝ աջակողմյան պատին ագուցված քարի վրա, հայտնաբերվել և վերծանվել է հետևյալ գրությունը՝ «ԹՎՒԻՆ ՆԾԲ (1003) ԴԱՒԻԹ ԵՐԷՑ ՓՈԽԵԱԼ ԽԱՉԻՍ», որը վկայում է եկեղեցու կառուցման տարեթվի մասին։ Ամենայն հավանականությամբ եկեղեցին կառուցվել է Դավիթ Երեցի կողմից, որի տապանաքարը գտնվում է եկեղեցու դռան ձախակողմյան հատվածում։

Կցակառույցի ներսի պատերին ագուցված են վաղ միջնադարյան խաչապատկերներով քարաբեկորներ։ Մի անկյունում տեղադրված է մանկան մկրտության ավազանը։ Ներսում՝ բուն եկեղեցում, փոքրիկ բեմի վրա տեղադրված են տարբեր ժամանակներով թվագրվող մի քանի խաչքար։

Եկեղեցու լուսամուտներից մեկն ունի ուղղանկյուն փորվածքով անցք։

Քարի վրա՝ դրսի կողմից, հստակ երևում են վաղ շրջանում արված շրջանաձև փորագրություններ։

Եկեղեցու մուտքի աջ և ձախ մասերում են գտնվում վանահայրերի մահարձանները։ Դրանցից մեկը տեղադրված է մեծ բարերար Գասպար Տեր Մարգարյանցի հոր՝ վանահայր Հովհաննես Տեր Մարգարյանցի հիշատակին։ Տապանաքարի ստորին մասում հետաքրքիր պատկերաքանդակներ են։

Եկեղեցու շրջակայքը լի է վաղ շրջանի խոշոր մահարձաններով, որոնց վրա չկան գրություններ։

Ըստ Տաթևի վանքի նոր հարկացուցակի (1781 թ.)՝ գյուղը մտնում էր Աճանան գավառի մեջ։

Գյուղը վերածնվել է Թուրքմենչայի պայմանագրից հետո (1828 թ.)՝ Իրանի Ղարադաղ գավառից և Արցախից այդտեղ վերաբնակվածներով։

1831-ին գյուղն ուներ 53, 1897-ին՝ 260, 1926-ին՝ 216, 1939-ին՝ 250, 1959-ին՝ 177, 1970-ին՝ 139, 1989-ին՝ 349 բնակիչ։

Համաձայն 2011-ին ՀՀ–ում անցկացված մարդահամարի՝ Շրվենանցի առկա բնակչության քանակը 68  էր։

Գյուղի որոշ ընտանիքներ (հողի սակավության պատճառով) 1923-24 թթ. տեղափոխվել և բնակություն են հաստատել Տանձավերում։

Գյուղի նշանավոր զավակն է հայտնի բարերար Գասպար Հովհաննեսի Տեր Մարգարյանցը։ Նրա միջոցներով ու ջանքերով է կառուցվել (1901-1902 թթ.) գյուղի ծխական դպրոցը։

Նրա միջոցներով է 1917 թ. տպագրվել (Թիֆլիսի «Սլովո» տպարանում) Լեոի «Հայոց պատմության» առաջին հատորը։

Նրա քրոջ որդին է Զանգեզուրի ինքնապաշտպանության հայտնի հրամանատար Պողոս Տեր Դավթյանը։

 

Մարի Նավասարդյան

Leave a comment