Defence Cyber Marvel 2026․ ՄԹ-ն ու Հայաստանը խորացնում են համագործակցությունը կիբերպաշտպանության ոլորտում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Միացյալ Թագավորությունն ու Հայաստանը շարունակում են խորացնել համագործակցությունը կիբերպաշտպանության ոլորտում՝ մասնակցելով Defence Cyber Marvel 2026 զորավարժությանը, որը միավորում է ավելի քան 2․500 մասնակից 29 երկրներից։

Այս մասին հայտնում է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանությունը։

Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլը և ՄԹ Պաշտպանության կցորդ Թոմաս Շորլենդ Բոլը այցելել են զորավարժության անցկացման վայր, որտեղ Հայաստանի և Մեծ Բրիտանիայի մասնակիցները համատեղ աշխատել են՝ զարգացնելու կիբերպաշտպանության կարողությունները և փոխանակելու մասնագիտական փորձը։

Դեսպանը հանդիպել է Հայաստանի և ՄԹ մասնակիցների հետ, հետևել զորավարժության ընթացքին և քննարկել կիբեռդիմակայունության կարևորությունը ներկայիս փոփոխվող անվտանգության միջավայրում։

«Հայկական կողմից մասնակցել են Պաշտպանության նախարարության, Տեղեկատվական համակարգերի գործակալության և Ազգային անվտանգության ծառայության ներկայացուցիչները։

Այսպիսի զորավարժությունները նպաստում են վստահելի գործընկերությունների ձևավորմանը, մասնագիտական կարողությունների զարգացմանը և մեր ընդհանուր հանձնառությանը՝ ամրապնդելու անվտանգությունն ու դիմակայունությունը։

Միացյալ Թագավորությունը կարևորում է Հայաստանի հետ պաշտպանության և անվտանգության ոլորտում զարգացող համագործակցությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Leave a comment