Կաթողիկոսը հրաժարվել է ցուցմունք տալ, ՔՊ-ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանին փոխարինողին. Մամուլը՝ սուրճով

«Հրապարակ»․ թերթը գրում է.

Տեւական դեգերումներից հետո ՔՊ-ում երեկ վերջապես նշանակվեց ԱԺ առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ այդ պաշտոնում միակ առաջադրված թեկնածու վանաձորցի Վանիկ Օհանյանը։ Առաջիկա քառօրյա նիստին հարցը կմտնի օրակարգ, փակ, գաղտնի քվեարկությամբ կհաստատեն թեկնածուին, որը մի քանի ամիս կաշխատի՝ մինչեւ այս գումարման ավարտը։

Նախորդ շաբաթ ՔՊ-ն կրկին նույն պաշտոնի թեկնածուի ընտրություն էր կազմակերպել, բայց առաջադրված երկու թեկնածուից ոչ մեկը բավարար ձայներ չէր հավաքել՝ ո՛չ Վանիկ Օհանյանը, ո՛չ Տրդատ Սարգսյանը։ Նկատենք, որ այդ հանձնաժողովին նախագահ չի գալիս, Հռիփսիմե Հունանյանը հարկադրաբար հեռացավ մի անզգույշ հայտարարությունից հետո, իսկ նրանից առաջ էլ Նարեկ Զեյնալյանն էր, որին Փաշինյանը sms-ով ազատեց, հերթը Վանիկ Օհանյանինն է։ Ի դեպ, Օհանյանը ՔՊ ցուցակի աուտսայդերներից է 204-րդ տեղում է, 62 քվեով:

 

«Փաստ» օրաթերթը գրել է.

Հայ-ռուսական հարաբերություններն առաջիկայում էլ ավելի սրվելու վտանգի տակ են։ ՀՀ իշխանությունները, մեր տեղեկություններով, դիմել են որոշ արևմտյան գործընկերների՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիան վերցնելու և շահագործելու համար։

Անցած շաբաթ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել էր, թե Հայաստանը մտադիր է Ռուսաստանի հետ բարեկամական տրամաբանության մեջ լուծել ռուսական կառավարման ներքո գտնվող հայկական երկաթուղու հարցը: Արդեն փետրվարի 13-ին նա հայտարարել էր, թե երկաթուղու մասին իր պատկերացումն այն է, որ Հայաստանի ու Ռուսաստանի հետ բարեկամ որևէ երկիր գնի ՌԴ-ից կառավարման իրավունքը։ Փաշինյանը նաև հավելել էր, թե «Ռուսաստանի կողմից եկաթուղու կառավարման բերումով մենք ռազմավարական մեր դիրքերի ու մրցակցային առավելության կորուստ ենք ունենում»։

Փաշինյանի այս հայտարարությունը հաջորդել էր ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի խոսքին, թե Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածների վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ։ Ըստ Օվերչուկի՝ նման որոշում է կայացվել «հայկական կողմի դիմումի համաձայն և ելնելով Հայաստանի ժողովրդի հանդեպ բարեկամական եղբայրական զգացմունքներից»:

Նման զարգացումը, որ ՌԴ-ն իրականացնի երկաթուղիների երկու հատվածների վերականգնման աշխատանքները, չեն բխում Փաշինյանի շահերից։ Մյուս կողմից էլ՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն պայմանագիրն ավարտվում է 2038 թվականին, թեև, ըստ պայմանագրի, 2028 թվականին կողմերից մեկը կարող է լուծել պայմանագիրը։ Արևմուտքը Փաշինյանին պարտադրում է շուտափույթ իրականացնել կոնցեսիոն պայմանագրի լուծումը։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, Փաշինյանն այժմ գաղտնի բանակցում է Ֆրանսիայի և Գերմանիայի հետ։ Ավելի վաղ հայտնել էինք, որ երկաթուղու հարցին բավականին ծավալուն անդրադարձ է եղել Փաշինյանի և Վենսի ընդլայնված կազմով հանդիպմանը։ Հայկական կողմից հնչած միակ պահանջը եղել էր այն, որ եթե նոր ընկերություն է ներգրավվելու, ապա թուրքական կամ ադրբեջանական կապիտալ այդ երկաթուղային ընկերությունում չլինի։ Ամերիկացիները չեն խոստացել, փոխարենը նշել են, որ կարող են կառավարումն իրականացնել օֆշորային ընկերությունում գրանցված որևէ ընկերության միջոցով, որի իրական սեփականատերերին պարզելը չափազանց բարդ է լինելու։

 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն հրաժարվել է ցուցմունք տալ՝ քննիչների հետ հանդիպման ժամանակ օգտվելով իր իրավունքից։

ArmLur.am-ը հայտնել էր, որ Կաթողիկոսին մեղադրանք առաջադրելու գործը հսկող դատախազը Խաչատուր Գալստյանն է, որը նախկինում աշխատել է Քննչական կոմիտեի ՀԿԳ վարչությունում՝ որպես քննիչ։ Իսկ ահա քննիչը Քննչական կոմիտեի ՀԿԳ քննիչ Արա Ավագյանն է։

Նշենք, որ փետրվարի 14-ին փաստաբան, Փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ․ նրա ելքը երկրից արգելվել է։

«Աննախադեպ իրադարձություն է եղել։ ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ կապված դատական ակտի կատարմանը խոչընդոտելու մեղադրանքով։ Արգելվել է Վեհափառ Հայրապետի ելքը Հայաստանից, ինչով փորձ է արվում ձախողել Ավստրիայում կայանալիք եպիսկոպոսաց ժողովը։ Սա պատմական ամոթալի գործողություն է իշխանության կողմից»,- գրել է նա։

Հիշեցնենք՝ քրեական վարույթներ են նախաձեռնվել, և Տեր Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը, Տեր Մակար եպիսկոպոս Հակոբյանը, Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Տեր Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանը, Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, ինչպես նաև Տեր Մովսես քահանա Սահակյանը մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու համար։ Ակտը վերաբերում է ՀԱԵ Մասյացոտնի թեմի կարգալույծ հռչակված առաջնորդին՝ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։

Leave a comment