Իշխանահատակ-Իշխանավանք
Մանկությանս ու պատանեկությանս հիմնական մասն անցկացրել եմ ծննդավայրիս՝ Գեղհովիտ (հնում՝ Վերին Կզնուտ) գյուղի վարչական տարածքի սահմանով անցնող Ագրիճի կամ Իշխանագետ կոչվող գետի խորը կիրճում։
Մեր թաղի տղաներով հիմնականում այստեղ էինք պահում մեր գառներն ու հորթերը։ Այս գետում սովորեցինք լողալ, այս վայրում սովորեցինք գոյատևել բնության գրկում, պարսատիկով քար նետել, ճանաչեցինք ուտելի բանջարը, իմացանք՝ ինչպես ձուկ որսալ, քայլարշավով անցնել գետափով վեր ու վար և այլ կարևոր իրողություններ։
Գետի ափերին են գտնվում Մադինա, Լեռնակերտ, Գեղհովիտ, Վերին Գետաշեն, Ներքին Գետաշեն՝ նախկին Կոթաքաղաք բնակավայրերը, ավելի վերին հատվածում նշված և այլ գյուղերի նախկինում անասնապահական ֆերմաներն էին, այժմ՝ ամառանոցները։ Եվ բոլոր բնակավայրերն հայտնի են իրենց հազարամյա պատմությամբ, հուշարձաններով՝ կիկլոպյան ու միջնադարյան ամրոցներ, եկեղեցիներ, մատուռներ, դամբարաններ, Կոթավանքը և այլն։ Գեղարքունիքի մարզի հայտնի վանական համալիրներից Կոթավանքը գտնվում է Մարտունու տարածաշրջանի Ներքին Գետաշեն գյուղում։ Այն կառուցվել է 9-րդ դարում այն ժամանակվա Սյունի նախարարական տոհմի Հայկազուն ճյուղի իշխանանիստում՝ Կոթ քաղաքում։
Վանքի Սուրբ Աստվածածին եկեղեցին և՛ խորհրդային տարիներին, քանի դեռ ավերակ վիճակում էր, և՛ այժմ՝ արդեն հիմնանորոգված, ճանաչված ուխտատեղի է։ Սյունիքի տեր Վասակ Սյունեցու և Աշոտ Ա Բագրատունի թագավորի դուստր Մարիամի որդի Գրիգոր Սուփան իշխանը Կոթավանքը կառուցել է որպես տոհմական դամբարան։ Վանքի հարևանությամբ ու տարածքում պահպանվել են միջնադարյան հարյուրավոր խաչքարեր ու տապանաքարեր։
Վանքի հատկապես հարավային կողմում՝ մինչև Ագրիճիի կիրճի աջափնյա հարթ ափերը, հեռվից էլ տեսանելի են միջնադարյան այդ կոթողները՝ մեծ մասը՝ արվեստի գործեր։ Իհարկե, դարերի ընթացքում նույն կոթողների մի մասը մնացել է հողի տակ, ինչպես միշտ՝ եղել են նաև գանձագողեր, որ տապալել են խաչքարերը։ Միջնադարյան գերեզմանատունը շատ էր տուժել նաև խորհրդային տարիներին՝ մելորացիայի պատճառով։ Այնուամենայնիվ, պահպանվածները լուռ, բայց հավաստի վկայություններով պատմում են մեր պապերի մասին։ Տարածքում շատ են նաև ավերակ բնակարանների հիմքեր, հետքեր։
Ձորի այս հատվածում՝ 2 Գետաշեն գյուղերի մեջտեղում՝ գետի ձախակողմյան հենց ափին (40, 07, 31, 5 N, 45, 15, 38, 24 E կոորդինատներում) ծովի մակերևույթից 1976 մ բարձրության վրա է գտնվում միջնադարյան մեկ այլ ուխտավայր՝ Իշխանահատակ փոքրիկ մատուռը։ Այս մատուռի և նշված Իշխանագյուղի խաչքարերի, տապանաքարերի մասին «Գարուն» ամսագրի 1987 թ․ 8-րդ համարում «Ոսկեձեռիկ վարպետները և մենք․․․ անարժան հետնորդներս» վերնագրով հոդված էի գրել (էջ՝ 18-19)։ Հաճախ էի այցելում, այժմ էլ, որ առիթ ու ժամանակ եմ ունենում, անպայման լինում եմ Կոթավանքում ու տարածքում։ 2026 թ․ փետրվարի 1-ին եղբորս որդու Վահագնի, իր երեխաների՝ Արտյոմի ու Մերիի և Անահիտ դստերս հետ դարձյալ Իշխանահատակում էի։
Մինչ ձորն իջնելը՝ անցանք դարավոր խաչքարերի մոտով։ Այս խաչքարերն իմ մեջ տպավորվել են վաղուց՝ երբ մի անգամ, դեռևս պատանի, միայնակ Վերին Գետաշենից մեր գյուղ էի գնում։ Տեսա խաչքարերը, հատկապես բարձրերը, որոնց վրա արծիվներ էին նստած, որոշները ճախրում էին երկնքում, տպավորվեցին ու միշտ են ձգում։ Սեդրակ Բարխուդարյանը (1900-1970) «Դիվան հայ վիմագրության» 4-րդ հատորում (Երևան, 1973 թ․, էջ՝ 263) գրում է․ «Այս վայրը տեղացիներն անվանում են Իշխանագյուղ, հարավային եզրին գտնվող հասարակ մատուռը՝ Իշխանավանք, իսկ նրա մեծ տապանաքարը՝ Իշխանի գերեզման»։ Նույն մատուռի մասին հիշատակում է նաև «Դ․ գյուղամիջում և շրջակայքում ցրված հուշարձաններ» ենթագլխում (էջ՝ 264-265)։
«Իշխանագյուղի հարավային եզրին՝ քարափի տակ Իշխանավանք կոչված մի հասարակ եկեղեցի կա, որի մեջ գերեզմանաքարի վրա պարոն Արղութի անթվական արձանագրությունն է (թիվ 1201)»։ 3,9×4,7 մ արտաքին չափերով կառույցը ժամանակին ծածկված էր փայտով, 1989 թ․ բարերարների կողմից բարեկարգվել է մատուռը, տանիքը բետոնապատվել։ Հայկական եկեղեցուն հատուկ խորան չունի, սակայն խորանի տեղում 1,5×1,5 մ չափերով խաչքար կա։ Ինչպես ընդունված է մեր շատ ուխտավայրերում, հատկապես՝ Թուխմանուկներում, այստեղ ևս կա սովորույթ, որ փոքր քարը սղացնում են խաչքարի մոմապատ երեսին։ Եթե կպավ, ուխտն ընդունելի է, նպատակը կիրականանա․․․։
Այստեղ այդ նպատակին է ծառայում խորանի տեղի մեծ խաչքարը։ Հիշում եմ՝ տարվա որոշ օրերին այս սրբավայր ուխտի էին գնում մայրս, մեր հարևանուհիները, հաճախ մեզ՝ երեխաներին էլ էին տանում հետները։ Մատուռի ներսում է 2,1 մ երկարությամբ, 75 սմ լայնությամբ տապանաքարը՝ մեջտեղից կիսված, ներքին մասում արձանագիր։ Ս․ Բարխուդարյանը գրում է․ «․․․ Երեսին քանդակված է ննջեցյալը՝ երկար զգեստով և գնդազարդ գոտիով․ աջ ձեռքին դաշույն՝ շեղբը դեպի վեր․ ձախով բռնել է գոտու մեջ խրած դաշույնի կոթը․ ոտների տակին 4 տող․ «ԱՅՍ Է ՀԱՆԳԻՍՏ Է ՊԱՐՈՆ ԱՐՂՈՒԹԻՆԱ»» (էջ՝ 284) արձանագրությունը։
Հավանաբար նահատակ իշխանի տապանաքարն է, որի առթիվ էլ ուխտավայրը կոչվում է Իշխանահատակ-Իշխան-նահատակ։ Մատուռի տարածքում կան 10-ից ավելի խաչքարեր։ Հսկա ժայռերին խաչեր են քանդակված։ Գետափին մի շատ մեծ ժայռաբեկոր նստած է պատվանդանների վրա, տակով հնարավոր է անցնել։ Ժայռերից որոշները, հնարավոր է, որպես սրբազան կոթող օգտագործվել են դեռևս նախաքրիստոնեական ժամանակներում։ Մի մեծ ժայռաբեկորի վրա 10-ից ավելի, մոտ 15 սմ տրամագծով ու խորությամբ, կլորավուն փոսորակներ կան, որոնք մարդու ձեռքի աշխատանք են հիշեցնում։ Մեկ այլ ժայռաբեկորի վրա էլ անցք կա։ Բնական է, թե արհեստական, պարզ չէ, պետք է ուսումնասիրվի։ Ժամանակին այստեղ նաև գետնափոր պահեստներ են եղել։
Ուղղաձիգ բարձրացող ժայռերի վրա նույնպես փոսորակներ կան։ Նման տեսք ունի նաև Ջերմուկի Կեչուտի ջրամբարի մոտակա ուխտատեղին՝ տեղացիների կոչած Փիլքյազը, որտեղ նույնպես մոմապատ ժայռ կա՝ նպատակի քար կպցնելու համար։ Նման տեսարան կա նաև Քաշաթաղի շրջանի միջնադարյան ամրոցներից, հավանաբար, Խոժոռաբերդն իր վրա պահող հսկայածավալ ժայռաբլուրի հարավային կողմում։ Մատուռից մոտ 50-60 մ դեպի արևելք՝ գետի անմիջապես ափին, պահպանվել է միջնադարյան բազիլիկ եկեղեցու ավերակ։ Մոտավոր չափերն են՝ 10×7 մ։ Եկեղեցու բոլոր պատերը հիմքից վեր 1-ից մինչև 2 մ բարձրությամբ պահպանվել են։ Մուտքը եղել է արևմուտքից։ Բեմը մոտ 2 մ երկարությամբ, մեջտեղը մեծ խաչաքանդակով խաչքար է։ Սուրբ խորանից մոտ 2 մ հեռավորությամբ մեկ այլ խաչքար կա։
Եկեղեցուց դեպի արևմուտք մի տապանաքար կա՝ երեսի աջ կողմում արձանագիր։ Ձախ կողմում կուժ, մարդ՝ ձեռքին հավերժության նշանով ինչ-որ առարկա, կացին, մական թռչուն և այլ պատկերներ են քանդակված։ Հետևի կողմում 3 խաչեր են։
Ըստ լուսանկարի՝ վիմագրագետ, պ․ գ․ դ․ Արսեն Հարությունյանը վերծանել է արձանագրությունը․ «ՍԲ ԽԱՉՍ ԲԱՐԵԽԱՒՍ ՄԿՐՏՉԻՆ․ ՔԻՐԱՄ ԿԱԶՄՈՂ ԹՎ․ ՌԽԲ․ 1593»։ 6-17-րդ դարերում հայտնի Քիրամ Կազմող վարպետի կերտածներից մեկն է։
Մյուս քանդակազարդող հայ վարպետների համեմատությամբ Քիրամ Կազմողը եղել է ամենաարգասավորը․ նրա ստորագրությամբ և անստորագիր հաշվվում է 64 գործ՝ 54 խաչքար (32-ը՝ Նորատուսում), 10 տապանաքար։ Իշխանավանքի տարածքը վերջին տարիներին բարեկարգվել է, մոտը տաղավար է կառուցվել ուխտավորների համար։
Հնարավոր է՝ այստեղ միջնադարում վանական համալիր է եղել՝ եկեղեցի, մատուռ, պահեստային տարածքներ, խաչքարեր։ Կարծում եմ՝ տարածքը կարելի է լուրջ ուսումնասիրել։
Զոհրաբ Ըռքոյան
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: