Ժնևում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարը և ԱԷՄԳ ղեկավարը


azatutyun.am Իրանի արտգործնախարարն այսօր Ժնևում հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսիի հետ՝ քննարկելու երկրի միջուկային ծրագիրը:


 


Հանդիպումը, որից մանրամասներ դեռ չեն հաղորդվում, տեղի է ունենում Ժնևում ԱՄՆ-Իրան բանակցություններից մեկ օր առաջ՝ լուծելու միջուկային ծրագրի շուրջ վեճը և կանխելու հնարավոր պատերազմը:


 


Աբբաս Արաղչին սոցցանցում գրել է, որ սպառնալիքներն Իրան չեն վախեցնի:


 


«Ես Ժնևում եմ՝ արդար և հավասար համաձայնագրի հասնելու իրական գաղափարներով։ Սպառնալիքներին ենթարկվելը չի քննարկվում», – պնդել է Արաղչին:


 


Ժնևյան բանակցություններից առաջ այսօր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը զորավարժություններ է անցկացրել Հորմուզի նեղուցում, որտեղ ԱՄՆ-ն մեծ ուժեր է կուտակել և Իրանին ռազմական գործողություններով է սպառնում, եթե Թեհրանը գործարքի չգնա:


 


Իրանական Tasnim գործակալության փոխանցմամբ՝ «Հորմուզի նեղուցի խելացի վերահսկողություն» անունով զորավարժությունների նպատակն է ստուգել զորքի պատրաստվածությունը «անվտանգության և ռազմական հնարավոր սպառնալիքների» դեմ:


 


ԱՄՆ-ն և Իսրայելը հայտարարում են, թե Իրանը ձգտում է միջուկային զենք ստեղծել, մինչդեռ Թեհրանը պնդում է, որ խաղաղ նպատակներով է հարստացնում ուրանը: Իրանն ու ԱՄՆ-ն այս ամսվա սկզբին վերսկսեցին բանակցությունները։ ԱՄՆ-ն արդեն երկրորդ ավիակիրն է ուղարկել տարածաշրջան, ինչը, ըստ ամերիկացի պաշտոնյաների, վկայում է, որ Վաշինգտոնը պատրաստվում է երկարատև ռազմական գործողությունների, եթե բանակցությունները ձախողվեն:


Leave a comment