Քաղաքականություն
30.11.2026 | 00:15
Արագածոտնի մարզի Ապարան համայնքում անցկացված ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով գործող համայնքապետ Կարեն Եղիազարյանի գլխավորած «Համերաշխություն» դաշինքը ստացել է կողմ ձայների 99%-ը։
Նախընտրական շտաբում արդեն տոնում են Եղիազարյանի հաղթանակը։
Ապարանի ՏԻՄ ընտրություններին մասնակցել է միայն մեկ քաղաքական ուժ՝ «Համերաշխություն» դաշինքը, որի կազմում ընդգրկված են «Քաղաքացիական պայմանագիր» և «Գործարար» կուսակցությունները։
Ապարան համայնքն ունի 18 հազար 854 ընտրող։ ԿԸՀ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 69,02%-ը։
Կարեն Եղիազարյանն Ապարան համայնքը ղեկավարում է 2017 թվականից։ Նա անկուսակցական է։
2021 թվականի ՏԻՄ ընտրություններին Եղիազարյանը մասնակցել էր «Կարեն Եղիազարյան» կուսակցությունների դաշինքով՝ հաղթելով ՔՊ-ի թեկնածու Էդգար Փարվանյանին։ Այդ դաշինքի կազմում ընդգրկված էին Նորայր Նորիկյանի ղեկավարած «Արդար Հայաստան» և Հրաչյա Ներսիսյանի ղեկավարած «Քրիստոնեա Հայաստան» կուսակցությունները։
Եղիազարյանի և նրա հետ փոխկապակցված անձանց վերաբերյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործ է քննվում Հակակոռուպցիոն դատարանում։ Դատախազությունը պահանջում է բռնագանձել շուրջ 278,4 մլն դրամի՝ օրինական եկամուտներով չհիմնավորված գույք և դրամական միջոցներ։
2025 թվականից դատարանում քննվում է նաև Եղիազարյանի վերաբերյալ մեկ այլ քրեական գործ։ Ըստ մեղադրանքի՝ համայնքապետը պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը կամ ինքնակամ շինարարությունը կասեցնելու կամ կանխարգելելու համար օրենքով նախատեսված միջոցներ չի ձեռնարկել։
Ընտրությունների արդյունքները նախնական են։ ԿԸՀ-ի պաշտոնական ամփոփ արդյունքները դեռևս չեն ներկայացվել։
Եվգենյա Համբարձումյան