Սպիտակում ՔՊ-ն ստացել է ձայների 45,49%-ը, սակայն ավագանիում բացարձակ մեծամասնություն չի ունենա

Լոռու մարզի Սպիտակ համայնքում անցկացված ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով առաջատար է գործող համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Ընտրությունների նախնական արդյունքները հրապարակել են ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը և Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանը։

Նրանց հրապարակած տվյալների համաձայն՝ քաղաքական ուժերի ստացած ձայները հետևյալն են․

  • «Քաղաքացիական պայմանագիր» – 7152 ձայն (45,49%),

  • «Բարոյական արժեքներ» – 5086 ձայն (32,35%),

  • «Ուժեղ Հայաստան» – 3342 ձայն (21,25%)։

Անվավեր է ճանաչվել 137 քվեաթերթիկ։

Լոռու մարզպետի հրապարակած տվյալների համաձայն՝ ավագանու 27 մանդատների նախնական բաշխվածությունը հետևյալն է․

  • «Քաղաքացիական պայմանագիր» – 12 մանդատ,

  • «Բարոյական արժեքներ» – 9 մանդատ,

  • «Ուժեղ Հայաստան» – 6 մանդատ։

Այսպիսով, նախնական հաշվարկով՝ որևէ քաղաքական ուժ ավագանիում բացարձակ մեծամասնություն չի ունենա։ Երկու ընդդիմադիր ուժերը միասին կունենան 15 մանդատ։

ԱԺ փոխնախագահ Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է նաև ՔՊ-ի թեկնածուի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով դատական հայցին և դրա լուսաբանման՝ ընտրությունների արդյունքների վրա հնարավոր ազդեցությանը։

«Հետաքրքիր է՝ ԿԸՀ-ի՝ ՔՊ-ի թեկնածուի գրանցումը ուժը կորցրած ճանաչելու մասով դատական հայցը (որը բնականաբար մերժվեց), դրա լուսաբանումը ի՞նչ ազդեցություն են ունեցել այս արդյունքների վրա»,- գրել է Ալեքսանյանը։

Հիշեցնենք, որ Սպիտակ համայնքում «Բարոյական արժեքներ» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորում է ՔՊ նախկին անդամ Համլետ Մազմանյանը, «Քաղաքացիական պայմանագրինը»՝ գործող համայնքապետ Քաջայր Նիկողոսյանը, իսկ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակը՝ Արման Ավետիսյանը։

Համլետ Մազմանյանը նախկինում ղեկավարել է ՔՊ տարածքային կառույցը և Սպիտակի ավագանու ՔՊ խմբակցությունը։ Ավելի վաղ Factor TV-ի հետ զրույցում նա հայտնել էր, որ ՔՊ-ից իր հեռացման պատճառը գործող համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի հետ ունեցած հակասություններն են եղել։

Ընտրություններին ընդառաջ «Անկախ դիտորդ» դաշինքն ուշադրություն էր հրավիրել Սպիտակում վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման դեպքերի վրա։ Մասնավորապես, Նիկողոսյանն աշխատանքից ազատել էր համայնքապետարանի չորս աշխատակցի, որոնք առաջադրվել էին մրցակից «Բարոյական արժեքներ» կուսակցության ընտրական ցուցակով։

Դեպքի առնչությամբ թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը վարչական վարույթ էր նախաձեռնել, ապա դիմել դատարան՝ Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով։ Հայցը մերժվել էր։

ԿԸՀ-ի՝ ժամը 20։00-ի դրությամբ հրապարակած տվյալների համաձայն՝ Սպիտակ համայնքում քվեարկությանը մասնակցել է ընտրողների 65,07%-ը։

Ընտրությունների ներկայացված արդյունքներն ու մանդատների բաշխվածությունը նախնական են։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment