ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցի ընթացքում պատմել է 2020 թվականի պատերազմի օրերին տեղի ունեցած մի դրվագի մասին՝ նշելով, որ, հավանաբար, նախկինում երբևէ չի խոսել այդ թեմայով։
Անդրադառնալով անվտանգության երաշխավորների թեմային՝ վարչապետը հայտնել է, որ 2020 թվականի պատերազմի ընթացքում ուղիղ հարց է բարձրացրել Հայաստանի «երաշխավորների» առջև՝ պատրաստակամություն հայտնելով հրաժարական տալ, եթե խնդիրը պայմանավորված է իր անձով։
«Հա, իմիջիայլոց, էդ գաղտնիքն էլ ասեմ։ Ես 2020 թվի պատերազմի ժամանակ, երևի ոչ մի անգամ էս թեմայով չեմ խոսել, ասել եմ՝ կարո՞ղ է պրոբլեմն իմ մեջ է, կարո՞ղ է հրաժարական տամ գնամ։ Պուտինին եմ ասել, երաշխավորներին»,- նշել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ նման հարցադրում անելու պատճառը քաղաքական դաշտում տարածված այն խոսույթն էր, թե իբր խնդիրը վարչապետի անձի կամ դիմելու ընթացակարգերի մեջ է։
Լրագրող Պետրոս Ղազարյանի ճշտող հարցին, թե արդյոք դրական պատասխանի դեպքում ինքը հրաժարական կտար, Նիկոլ Փաշինյանը դրական պատասխան է տվել․
«Պատերազմի պայմաններում՝ միանշանակ։ Այդ ժամանակ պիտի պայմանավորվածություն լիներ՝ ինչ է տեղի ունենում, կգնայի, իհարկե կգնայի»։
Արձագանքելով հարցին, թե ինչ են պատասխանել իրեն և արդյոք ասել են, որ խնդիրն իր մեջ չէ, վարչապետը նշել է․
«Չէ, իհարկե, այսինքն՝ էդ խոսակցությունը էնպիսին չէր, որ պրոբլեմը իմ մեջ է»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան