ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ազգային խորհրդի կազմակերպած առաջին համաժողովին

Նոյեմբերի 28-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ազգային խորհրդի (CNAF) կազմակերպած՝ «Ֆրանսիա–Հայաստան–Սփյուռք․ հանձնառությունից դեպի գործողություն» խորագրով առաջին համաժողովին, որը տեղի է ունեցել Ֆրանսիայի Սենատում։

Համաժողովի առաջին կլոր սեղանը նվիրված էր «Հայաստան․ խաղաղության հեռանկար, ինքնիշխանության գինը» թեմային, իսկ երկրորդ քննարկման առանցքում Հայաստան–Ֆրանսիա–Սփյուռք եռակողմ համագործակցության շրջանակում համատեղ նախաձեռնությունների և կոնկրետ ծրագրերի իրականացման հնարավորություններն էին։

Համաժողովին եզրափակիչ ելույթով հանդես է եկել ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը։ Նա ներկայացրել է Հայաստանի առջև ծառացած ներկայիս մարտահրավերները, տարածաշրջանում խաղաղության հաստատման և երկրի ինքնիշխանության ամրապնդման առաջնահերթությունները։

Խոսել է ԹՐԻՓՓ նախագծի գործնական մեկնարկի մասին` ընդգծելով տարածաշրջանային կապակցվածության զարգացման գործում դրա կարևորությունը։

Դեսպանն անդրադարձել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական գործընկերության խորացմանը՝ ընդգծելով քաղաքական, տնտեսական, անվտանգության, կրթական և մշակութային ոլորտներում համագործակցության զարգացման կարևորությունը։ Նա նաև ներկայացրել է Հայաստանի եվրոպական ձգտումները և Եվրոպական միության հետ հարաբերությունների խորացմանն ուղղված գործընթացը։

Անդրադառնալով Սփյուռքի դերակատարությանը՝ դեսպանն ընդգծել է Ֆրանսիայի հայկական համայնքի և կազմակերպությունների կարևոր ներդրումը հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման և Հայաստանի շահերի ու առաջնահերթությունների միջազգային ներկայացման գործում։

Միջոցառմանը մասնակցել և ելույթով հանդես է եկել նաև ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։

ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment