«Շիրակի մարզպետը ծառայողական մեքենայով քարոզարշավ է անցկացրել, Սպիտակի ավագանին էլ նախընտրական շրջանում 10 հազարով բարձրացրել է աշխատավարձերը»

«Վարչական ռեսուրսի հնարավոր կիրառման դեպքերից ամենաակնառուն եղել է Սպիտակում։ Սպիտակի ավագանին հոկտեմբերի 8-ի որոշմամբ փոփոխություն է արել հաստիքացուցակներում, Սպիտակի մշակույթի տան, երաժշտական և գեղարվեստի դպրոցների և Շիրակամուտի երաժշտական դպրոցի դրույքաչափերը փոխել է և աշխատավարձերը բարձրացրել 10 հազար դրամով»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելության ներկայացուցիչ Գևորգ Քոթանջյանը՝ անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին ընդառաջ արձանագրված խախտումներին։

«Սպիտակի մշակույթի տան տնօրենն ու փոխտնօրենը հանդիսանում են ՔՊ թեկնածու, և սա մենք համարում ենք որպես վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահում։ Այս դեպքում գուցե ՀՈԱԿ-ների աշխատակիցներին օժանդակել են, որպեսզի իրենց ձայնը տրամադրեն։ Մենք ուսումնասիրել են տարեկան աշխատանքային պլանները, որոնք հաստատված են բյուջեով։ Եվ տարեկան աշխատանքային պլանում լրիվ աշխատավարձ է եղել, և նախընտրական փուլում չհիմնավորված կերպով աշխատավարձերը բարձրացվել են»,- հավելեց Քոթանջյանը։

Նրա խոսքով՝ սրան զուգահեռ Սպիտակի ավագանին որոշում է ընդունել՝ 2027 թվականից մանկապարտեզներն անվճար դարձնելու մասին։ Այնինչ, ավագանին իրավասու չէր նման որոշում կայացնել, քանի որ համայնքի 2027-ի բյուջեն դեռ հաստատված չէ։

Քոթանջյանը նաև ներկայացրեց այն փաստը, որ նախքան քարոզարշավի մեկնարկը աշխատանքից հեռացվել են Սպիտակի համայնքապետարանի 4 աշխատակցիներ, որոնք հանդիսանում են այլ ուժի թեկնածուներ։ Նրա խոսքով՝ սա ևս փաստացի դիտարկվում է որպես վարչական ռեսուրսի հնարավոր օգտագործում։

Գևորգ Քոթանջյանը նաև ասաց, որ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը քարոզարշավն իրականացրել է իր ծառայողական մեքենայով, որը փաստացի պետական գույք է հանդիսանում և չպետք է ծառայեր քարոզարշավի փուլում իրեն տեղափոխելու համար։

Նա նշեց, որ գրեթե բոլոր համայնքներում, որտեղ ընտրություններ են անցկացվում այսօր, նախընտրական փուլում շինթույլտվությունների թվաքանակի ավելացում է արձանագրվել։

Նշենք, որ այսօր հանրապետության 10 համայնքներում՝ Աշտարակ, Ապարան, Բաղրամյան, Մեծամոր, Սևան, Սպիտակ, Ամասիա, Աշոցք,Կապան, Նոյեմբերյան, տեղի կունենան համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: 

Իսկ 2 համայնքներում՝ Արևուտ և Մեծաձոր, տեղի կունենան մեծամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment