Քաղաքականություն
29.11.2026 | 17:52
Սևանի համայնքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանի նախընտրական շտաբի ղեկավար Սարգիս Մելքոնյանին ոստիկանություն բերման ենթարկելու մասին տարածված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։
Այս մասին Factor TV-ին հայտնել են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։
Նշենք, որ Սարգիս Մուրադյանը Սևան համայնքը ղեկավարում է 2016 թվականից։ Նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններում նա գլխավորում է «Վստահություն» դաշինքի ընտրական ցուցակը՝ որպես անկուսակցական։
Հայաստանի համայնքների միության կայքում, սակայն, Մուրադյանի կուսակցական պատկանելությունը դեռևս նշված է որպես ՀՀԿ անդամ, մինչդեռ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած նրա հայտարարագրում որևէ կուսակցության անդամակցության վերաբերյալ տվյալներ լրացված չեն։
2021 թվականի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առանձին ցուցակով չէր մասնակցում Սևանի ընտրություններին և հրապարակայնորեն աջակցում էր Մուրադյանի գլխավորած դաշինքին, թեև վերջինս նախկինում և պաշտոնական որոշ աղբյուրներում ներկայացվում էր որպես ՀՀԿ անդամ։
Այս անգամ ՔՊ-ն Սևանի ընտրություններին մասնակցում է առանձին ցուցակով, որը գլխավորում է Գեղարքունիքի մարզպետի նախկին օգնական Սուրեն Գրիգորյանը։ Վերջինս նոյեմբերի 2-ից ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ անձնական դիմումի համաձայն։
Եվգենյա Համբարձումյան