Քաղաքականություն
29.11.2026 | 17:30
«Ականատես» դիտորդական առաքելությունն ահազանգ է ստացել այն մասին, որ Ծովագյուղում «Միասնական համայնք» կուսակցության աջակիցները տեղեկություն են տարածել, որ օրվա երկրորդ կեսին՝ ժամը 13։00-14։00-ից հետո, շրջելու են գյուղի տներով և պատրաստ են դեռևս չքվեարկած ընտրողներին տեղափոխել ընտրական տեղամասեր։
Միաժամանակ, առաքելության դիտորդը Ծովագյուղի ընտրատեղամասերից մեկում արձանագրել է տարեց ընտրողներին ընտրատեղամաս տեղափոխելու դեպք։
Ստացված տեղեկությունները խնդրահարույց են, քանի որ կարող են առերևույթ պարունակել ուղղորդվող և/կամ վերահսկվող քվեարկության հատկանիշներ։
«Ականատես» դիտորդական առաքելությունը կոչ է անում ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին և նրանց աջակիցներին զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք կարող են վտանգել ընտրողների ազատ կամարտահայտումը կամ հանգեցնել նրանց ընտրական վարքագծի նկատմամբ վերահսկողության։
Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ որոշումը, ինչպես նաև քաղաքական ընտրությունը պետք է լինեն բացառապես քաղաքացու ազատ կամարտահայտման արդյունք։