«Մենք գնում ենք 50+ տարբերակի»․ Արսեն Աղաբաբյանը բացառում է կոալիցիա կազմելը

«Մենք գնում ենք 50+ տարբերակի»,- լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց  Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արսեն Աղաբաբյանը։ Նա նշեց, որ ոչ մի ուժի հետ կոալիցիա չեն կազմելու։

Արսեն Աղաբաբյանը երկար տարիներ զբաղեցնում է Նոյեմբերյանի համայնքապետի պաշտոնը։ Հարցին, թե մտավախություն չունի՞, որ իր նկատմամբ հարուցված քրեական գործը կարող է համայնքի բնակչության մոտ անվստահություն առաջացնել իր անձի նկատմամբ, նա պատասխանեց․ «Որևէ խնդիր չկա անվստահության, դրանք այն խնդիները չեն, որ անվստահություն առաջացնեն։ Դրանք մանր-մունր խնդիրներ են, որոնք լուծելի են»։

Հարցին, թե մտավախություն չունի, որ Մասիսի համայնքապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանի հետ տեղի ունեցածը կարող է կրկնվել իր հետ էլ, Աղաբաբյանը պատասխանեց․ «Ամեն ինչ էլ կարող է լինել, ոչ մի բան չենք բացառում»։ Նա նշեց, որ իրեն ձերբակալելու հիմք չկա։

Անդրադառնալով հարցին, թե հավատո՞ւմ է իշխանության խաղաղության օրակարգին, նա ասաց․ «Ես կողմ եմ արժանապատիվ խաղաղությանը»։ Արժանապատի՞վ է Փաշինյանի առաջարկած խաղաղությունը, հարցին էլ պատասխանեց․ «Ինձ համար՝ ոչ»։

Նշենք, որ այսօր հանրապետության 10 համայնքներում՝ Աշտարակ, Ապարան, Բաղրամյան, Մեծամոր, Սևան, Սպիտակ, Ամասիա, Աշոցք,Կապան, Նոյեմբերյան, տեղի կունենան համամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: 

Իսկ 2 համայնքներում՝ Արևուտ և Մեծաձոր, տեղի կունենան մեծամասնական ընտրակարգով տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment