Ե՞րբ կնշվի Սուրբ Զատիկը 2027 թվականին

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տոներից հինգը՝ Սուրբ Ծնունդը, Զատիկը, Վարդավառը, Սուրբ Աստվածածնի Վերափոխումը և Խաչվերացը, Եկեղեցու ավագագույն տոներն են և կոչվում են «Տաղավար տոներ»։

Այս տոներն առանձնահատուկ նշանակություն ունեն քրիստոնեական հավատքի և հոգևոր կյանքի մեջ։ Դրանց խորհրդի միջոցով վերացավ մահվան հաղթությունը, մարդն անմահություն ժառանգեց և դարձավ տաղավար Ամենասուրբ Երրորդության համար։

Սրբությամբ մասնակցելով այս տոնախմբություններին և ապրելով Աստծուն հաճելի կյանքով՝ մենք դառնում ենք Աստծու տաղավարները, և Աստված բնակվում է մեր մեջ՝ համաձայն Իր իսկ խոսքի. «Եթե մեկը սիրում է Ինձ, Իմ խոսքը կպահի, և Իմ Հայրը նրան կսիրի. և Մենք նրա մոտ կգնանք ու նրա մոտ կօթևանենք» (Հովհ. ԺԴ:23)։

2027 թվականին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տաղավար տոները կնշվեն հետևյալ օրերին.

Սուրբ Ծնունդ և Աստվածահայտնություն՝ հունվարի 6-ին,

Սուրբ Հարության տոն՝ Զատիկ՝ մարտի 28-ին,

Քրիստոսի Պայծառակերպության տոն՝ Վարդավառ՝ հուլիսի 4-ին,

Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոն՝ օգոստոսի 15-ին,

Խաչվերաց՝ սեպտեմբերի 12-ին։

Տաղավար տոները հայ ժողովրդի հոգևոր և մշակութային կյանքի անբաժանելի մասն են՝ իրենց մեջ ամփոփելով դարավոր ավանդույթներ, քրիստոնեական հավատքի խորհուրդն ու ազգային արժեքները։

Leave a comment